Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթն իր խմբագրականով հիշեցնում է, որ այսօր լրանում է ուղիղ մեկ տարի այն օրից, երբ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը իշխանությունները ուժով ցրեցին Բաղրամյանի պողոտայում ընդդիմության խաղաղ ցույցը: «Տուժեցին նաեւ իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողները», - արձանագրում է մեկնաբանը: - «Թվում էր՝ սահմանադրական իրավունքի նման կոպիտ խախտումը, որը, ի դեպ, արձանագրված էր անկախ լրատվամիջոցների կողմից, պիտի որ առաջացներ ժողովրդական բողոքի հզոր ալիք, ընդ որում՝ արդեն անկա՛խ քաղաքական համակրանքից, եւ տեղափոխվեր «իշխանություն - ընդդիմություն» դաշտից լրիվ այլ հարթություն: Ոչ ոք, սակայն, չընդվզեց..»: «Այդ գիշերվա ամենակարեւոր դասն այն էր, որ մենք իշխանություններին ինքնե՛րս ցույց տվեցինք, որ մեզ հետ կարելի է վարվել այնպես, ինչպես ցանկանան», - ամփոփում է «Առավոտ»-ը:

«Հայկական ժամանակ» թերթը անդրադառնում է նախօրեին ԵՊՀ-ում Ռոբերտ Քոչարյանի՝ ուսանողների հետ ունեցած հանդիպման մի դրվագի. - «Նախագահը չորս պատճառ էր նշել՝ հիմնավորելու համար իր տեսակետը, թե Հայաստանում Վրաստանի, Ուկրաինայի եւ Ղրղըզստանի հեղափոխությունները չեն կարող կրկնվել: Ըստ այդմ», - շարունակում է «Հայկական ժամանակ»-ը, - «ո՛չ Վրաստանի, ո՛չ Ուկրաինայի եւ ո՛չ էլ Ղրղըզստանի նախագահները ուժ չկիրառեցին սեփական ժողովրդի նկատմամբ, չնայած Ռոբերտ Քոչարյանը հենց սա նկատի ունի, երբ ասում է, որ այդ երկրներում իշխանությունները թույլ էին»:

«Հայոց աշխարհ»-ը «Եվ դու, Բրուտոս» վերտառության ներքո մատուցում է. - «Ժողովրդավարական հեղաշրջումներին նպաստելու համար ամենուրեք ստեղծվում են երիտասարդական կազմակերպություններ։ Իսկ մեզանում գնացին այլ ճանապարհով։ Երեկ Ամերիկյան համալսարանում մի քանի հհշածին հասարակական կազմակերպությունների ուժերով ստեղծվեց «Բեկում» քաղաքացիական ֆորում, որի կորիզը կազմում են հիմնականում տարեց, բայց հոգով երիտասարդները։ Առանձնապես ուշագրավ է «բեկյալ» ֆորումի կարգախոսը, որը հետեւյալն է՝ «Մասնակից ենք, թե՞ մեղսակից, հանդուրժում ենք, թե՞ ընդվզում»: «Հիշեցնենք միայն, որ անցյալ տարվա մայիսի 11-ին նույն Ամերիկյան համալսարանում անհաջող փորձ արվեց նույնպիսի մի ֆորում ձեւավորել», - արձանագրում է «Հայոց աշխարհ»-ը։

«Ազգ» օրաթերթը հրապարակում է զետեղել «Ա1+» հեռուստաընկերության օգտին երեկ տեղի ունեցած հանրահավաքի վերաբերյալ՝ մատուցելով, թե ցույցը սկսվեց Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքով. - «Ա1+»-ի խնդիրը մեզ հայտնի ժողովրդավարական բոլոր ճանապարհներով հնարավոր չէ լուծել մեր իրականության մեջ գործող ռեժիմի պայմաններում»: Թերթը փոխանցում է, թե բողոքի ակցիաներն ավարտվեցին հենց այդ եզրահանգմամբ:

«Դասախոսություն կիսագրագետ հեղափոխականների համար» վերտառության ներքո «Հայոց աշխարհ» օրաթերթը խրատում է. - «Սովորե՛ք, հո գյոռներս չե՞նք տանելու»: Իսկ այսօրվա դասախոսության թեման հետեւյալն է՝ «Հեղափոխության սցենարը եւ դրա ֆինանսավորումը»: «Բնականաբար, հեղաշրջումները Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում ունեին իրենց յուրահատկությունները, բայց ընդհանուր առմամբ դրանք ընթանում էին հետեւյալ միեւնույն սցենարով», - գրում է «Հայոց աշխարհ»-ը՝ մանրամասնելով. - «Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները ստեղծում են, պայմանականորեն ասած՝ «միասնական ճակատ»... այդ «միասնական ճակատի» ներկայացուցիչներն իրենց ծրագրերին հաղորդակից են դարձնում ԱՄՆ դեսպանին, ում խորհրդով, ընդդիմադիրները ֆինանսավորման համար դիմում են նրա մատնանշած օտարերկրյա ոչ կառավարական հիմնադրամին: Այդպիսով նախորոշվում է հեղափոխության ընդհանուր բյուջեն»: «Սպիտակ տանը չեն էլ թաքցնում. Ղըրղզստանում վերջին տարվա ընթացքում իրենք ներդրել են 50 միլիոն դոլար, մոտ 65 միլիոն էլ արժեցան ուկրաինական նարինջները», - տեղեկացնում է «Հայոց աշխարհ»-ը:

«Հայկական ժամանակ»-ը, իր հերթին, դիտարկում է. - «Բոլոր քաղաքական ուժերը վախենում են. իշխանությունը ներկայացնող ուժերը վախենում են Հայաստանում վրացա-ուկրաինա-ղրղզական դեպքերի կրկնությունից, ինչպես նաեւ միմյանցից, ընդդիմությունը վախենում է Հայաստանում մոլդովական հեղափոխության կրկնությունից, Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանի երրորդ անգամ առաջադրվելուց, եւ բոլորը միասին վախենում են անհասկանալի մի ինչ-որ պրոցեսից, որն այլեւս համարում են անխուսափելի»։ Մեկ այլ հրապարակման մեջ նույն թերթը արձանագրում է. - «Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պարզվում է, ոչ միայն ամենայն լրջությամբ, այլեւ շատ համակողմանիորեն աշխատանքներ է տանում իր համար Հայաստանի հաջորդ նախագահի աթոռն ապահովելու համար: Այդ նախընտրական արշավում, թերեւս, ելնելով այսօրվա աշխարհաքաղաքական մի շարք իրողություններից եւ հատկապես Ռուսաստանի դիրքերի աննախադեպ թուլացումից՝ առաջին հերթին հսկայական տեղ է հատկացվում Արեւմուտքի վստահությունը շահելուն»: «Կարելի է ասել», - դիտարկում է մեկնաբանը, - «որ Սերժ Սարգսյանը նախագահական իր նկրտումները բավարարելու համար այդքան կարեւոր Արեւմուտքի վստահությունը շահելու գործընթացում թեեւ փոքրիկ, այդուհանդերձ հաջողություններ է ունենում»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG