Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրողի սպանության գործով Վրաստանում ձերբակալություններ չեն եղել


Վրաստանի գլխավոր դատախազությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Բաքվում լույս տեսնող «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանության գործով կասկածյալներ են ձերբակալվել Վրաստանի տարածքում:

Գլխավոր դատախազության ներկայացուցիչը «Ռեգնում» գործակալությանը ասել է, թե ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը «անհեթեթություն է»:

«Գոյություն չունի Ադրբեջանի իրավապահներին կասկածյալներ հանձնելու մասին գլխավոր դատախազության որեւէ որոշում», - հայտարարել է նա՝ ավելացնելով, որ վերջին անգամ Վրաստանի դատախազության ներկայացուցիչները ադրբեջանցի գործընկերներին Ադրբեջանի քաղաքացի են հանձնել 2004 թվականի աշնանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Էլմար Հուսեյնովի սպանության գործով Վրաստանի դատախազությունը ձերբակալել եւ Ադրբեջանի իրավապահներին է փոխանցել յոթ ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիների:

Իսկ ադրբեջանական ANS գործակալությունը, վկայակոչելով նախաքննության արդյունքները, երեկ հաղորդել էր, թե Էլմար Հուսեյնովի սպանության պատվիրատուն ազգությամբ հայ է: Ըստ տեղեկատվության, Ադրբեջանում այդ անձի կապերի բացահայտմամբ զբաղվում է երկրի ազգային անվտանգության նախարարությունը:

Ադրբեջանական ընդդիմադիր «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովը սպանվել էր փետրվարի 2-ին: Նրա խմբագրած ամսագիրը աչքի էր ընկնում երկրի իշխանությունների հանդեպ սուր քննադատությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG