Մատչելիության հղումներ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներով, հայաստանցիների 50 տոկոսի համար ընդունելի է Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու՝ Լաչինի, Քելբաջարի եւ մյուս շրջանների հաշվին Ադրբեջանին զիջումներ անելը՝ փոխարենը ակնկալելով Ղարաբաղի անկախությունը կամ միավորումը Հայաստանի հետ:

Զիջումների պատրաստ չէ Երեւանում եւ մարզերում հարցված 1900 քաղաքացիների մոտ 37 տոկոսը:

Կենտրոնի փորձագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով, նման արդյունքը վերջին տարիների քարոզչության հետեւանքն է. - «Սա քարոզչության արդյունք է: Չեմ կարծում, որ դա ուղղակի դեպքերի կամ իրադարձությունների զարգացման արդյունք է»:

«Վերջին շրջանում բավականին շատ եղան Ղարաբաղյան խնդրի հետ կապված կամ Հայաստանի վերաբերյալ ընդունվող զեկուցումները, որոնք ուղղակիորեն վերածվեցին Ղարաբաղյան խնդրով Հայաստանի վրա իրականացվող պատժամիջոցի», - շարունակեց Սաֆարյանը: - «Հասարակությունը ինքը հասկացավ, որ փոխզիջման չհակվածությունը կարող է է’լ ավելի մեծ խնդիրներ առաջացնել: Մյուս կողմից, հասարակությունը ցանկանում է ունենալ խաղաղություն, խնդրի վերջնական կարգավորվածություն»:

Հարցվածների ճնշող մեծամասնությունը զիջման դիմաց ակնկալում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ Հայաստանի հետ միավորումը:

Ըստ անցկացված հետազոտության, որը վերնագրված է «Արցախյան հիմնախնդիր. 17-ամյա անավարտ պատմություն», հարցվածների 65 տոկոսին չի բավարարում հարցին առնչվող պաշտոնական տեղեկատվությունը: Այդուհանդերձ, նման «թերտեղեկացվածության» պայմաններում էլ հարցվածների մեծ մասը՝ 50 տոկոսից ավելին, դժգոհ է բանակցային գործընթացից:

Սաֆարյանի կարծիքով, այդ դժգոհությունը պայմանավորված է նույն տեղեկատվության պակասով: Մյուս պատճառներից նա նշեց նաեւ պատերազմի անշրջելիության երաշխիքների չձեւավորվելը:

Հարցվածների մոտ 40 տոկոսը համաձայն է, որ խնդիրը սառեցվի ներկայիս պայմաններով: Սաֆարյանի կարծիքով, սա հարկավոր է դիտարկել պատերազմի վերսկսման հեռանկարի տեսանկյունից. - «Մարդկանց մեծ մասը կարծում է, որ ավելի լավ է այսպես մնա, քան վերսկսվի պատերազմը»:

Հարցվածների մեծ մասը կարծում է, որ առաջիկա 5 տարիներին խնդիրը չի հաջողվի լուծել բանակցային ճանապարհով:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG