Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Ռամսֆելդին «հետաքրքրում է նավթը»


Անդրադառնալով ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի Ադրբեջան այցի պատճառներին, ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal թերթը առանձնացնում է միջազգային ահաբեկիչների կողմից նավթային բիզնեսին սպառնացող վտանգները: Ռամսֆելդը Բաքու է ժամանում այսօր:

Ըստ թերթի՝ ամերիկացի զինվորականները հատուկ ուշադրություն են դարձնում նավթային նոր տարածաշրջաններին, եւ Միացյալ Նահանգները պատրաստվում է նավթի մատակարարումների հնարավոր ընդհատումներին:

«Առաջիկա տասնամյակում ԱՄՆ-ը 100 միլիոն դոլար է ծախսելու նավթային օբյեկտների դեմ իրականացվող հարձակումներին արագ արձագանքելու ունակ Կասպյան գվարդիայի, ոստիկանության ջոկատների ցանցի եւ հատուկ ստորաբաժանումների վրա», - գրում է The Wall Street Journal-ը:

ԱՄՆ պաշտպանության նախարարության եվրոպական հրամանատարության քաղաքական ծրագրերի պատասխանատու, գնդապետ Մայք Անդերսոնի տեղեկացմամբ, 2003 թվականի աշնանը ստեղծված Կասպյան գվարդիայի կազմում կլինի նաեւ Բաքվի հրամանատարական կենտրոնը, որն իր տրամադրության տակ կունենա ռադարներ: Դա թույլ կտա Ադրբեջանին մոնիտորինգի ենթարկել նավարկությունը Կասպից ծովի նավթային շրջաններում:

Հակառակ սպասվածի, ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ չի հանդիպի, քանի որ վերջինս այսօր պաշտոնական այցով մեկնել է Պակիստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG