Մատչելիության հղումներ

logo-print
«Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձի համար դատապարտված հայ օդաչուներին հնարավոր կլինի վերադարձնել Հայաստան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում երկուշաբթի երեկոյան ասել է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:

Երեւանում Արա Աբրահամյանը խոստացել էր 3 ամսվա ընթացքում հայրենիք վերադարձնել հայ օդաչուներին՝ պայմանով, որ Հայաստանի պատկան մարմինները դիմեն իրեն այդ հարցով:

Արա Աբրահամյանը հայտնեց, թե մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել Հասարակածային Գվինեայում, այդ թվում՝ աֆրիկյան այդ երկրի նախագահի հետ: Այս օրերին Հասարակածային Գվինեայում են գտնվում Աբրահամյանի ներկայացուցիչները:

Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի փոխանցմամբ, իրեն հաջողվել է 500-ական դոլար է փոխանցել հայ օդաչուներին եւ ապահովել, որ նրանք ստանան պատշաճ բժշկական օգնություն:

«Հայ օդաչուներն այսօր նորմալ վիճակում են եւ հույս ունեն մինչեւ հունիսի 12-ը վերադառնալ հայրենիք», - հայտնեց Արա Աբրահամյանը՝ ավելացնելով, թե բանակցությունները բարդ են ընթանում:

«Հենց այնպես չեն ազատի մեր օդաչունեին: Անծանոթ երկիր է, անծանոթ մենթալիտետ, եւ պետք է զգույշ լինեն», - ասաց Արա Աբրահամյանը՝ խոստանալով առաջիկա օրերին ավելի մանրամասն պատմել այս մասին:

6 հայ օդաչուները Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով անցյալ տարվա նոյեմբերի վերջին դատապարտվել էին երկարատեւ ազատազրկման:

Նրանց «Ան-12» բեռնատար ինքնաթիռը, որը պատկանում է հայաստանյան «Տիգա Այր» ընկերությանը, անցյալ տարի ավելի վաղ վարձակալել էր գերմանական Central Asian Logistics (CAL) ընկերությունը՝ դեպի Հասարակածային Գվինեա առեւտրային թռիչքներ իրականացնելու նպատակով:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG