Մատչելիության հղումներ

logo-print

Ռոբերտ Քոչարյան. «Ես չեմ բացառում Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը»


«Ես չեմ բացառում Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը», - երկուշաբթի օրը ելույթ ունենալով ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների առջեւ, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, անդրադառնալով Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, Ռոբերտ Քոչարյանը ասել է. - «Դժվար է պատկերացնել ավելի մեծ վնաս Հայաստանին՝ քան 1989 թվականին Մեծամորի ատոմակայանի փակումն էր»:

Նախագահը նաեւ նշել է, թե կառավարությունը ներկայումս ուսումնասիրում է Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման հեռանկարները:

Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, գոյություն ունի Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման խոշոր (հայ-իրանական, որոշ տվյալներով՝ շուրջ 90 միլիոն դոլարի) ծրագիրը: Կա նաեւ 70 փոքր ՀԷԿ-րի կառուցման ծրագրեր, որոնցից 24-ը արդեն իրագործվում են: Հաջորդ տարվա վերջին կսկսվի Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագիրը (իրագործվում է Ճապոնիայի կառավարության 150 միլիոն դոլար վարկի հաշվին), իսկ Սիսիանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող հիդրոջերմային էներգետիկայի շուրջ լուրջ հետազոտությունները կարող են վերաճել ներդրումային խոշոր ծրագրի:

Նախագահը նշել է նաեւ, թե Հայաստանի էներգետիկ անվտանգության հզորացմանը նպաստում է նաեւ Իրան-Հայաստան գազամուղը, որի շինարարությունը սկսվել է այս ամիս:

815 մեգավատտ հզորությամբ երկու էներգաբլոկերից կազմված Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է 1976 թվականին, սակայն փակվել էր Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: 1995 թվականին վերաբացվել էր ատոմակայան երկրորդ էներգաբլոկը՝ 407 մեգավատտ հզորությամբ:

Մեծամորի ԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին է պնդում Եվրամիությունը՝ առաջարկելով 100 միլիոն եվրո, սակայն Հայաստանի իշխանությունները նշում են, թե էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծման համար կպահանջվի առնվազն 1 միլիարդ եվրո:

2002 թվականից Հայաստանում արտադրվող էներգիայի 40 տոկոսը ապահովող Մեծամորի ատոմակայանի ֆինանսների տնօրինումը փոխանցվել է «Ռուսաստանի միավորված էներգահամակարգեր» ընկերությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG