Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը Երեւանի տնտեսագիտական համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ընթացքում վստահություն հայտնեց, որ Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում կատարված իրադարձությունները չեն կարող կրկնվել Հայաստանում: Նա նաեւ ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդյունքում «կոմպրոմիսները անխուսափելի են»:

Հիմնավորելով իր համոզմունքը, որ հեղափոխական ալիքը Հայաստանի չի հասնի՝ նախագահը բերեց մի շարք փաստարկներ: Նախ, Քոչարյանի կարծիքով, նշված երկրներում հեղափոխությունները տեղի են ունեցել ընտրական ժամանակահատվածում, երբ «ժողովուրդը էլեկտրիզացված էր եւ ինչ-որ քայլերի համար ընտրազանգվածին մոբիլիզացնելն ավելի հեշտ էր»: Մինչդեռ Հայաստանում մոտակա համապետական ընտրությունները տեղի են ունենալու միայն երկու տարի հետո:

Նախագահի երկրորդ փաստարկն այն էր, թե Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում իշխանությունները թույլ էին, այնքան թույլ, որ չէին կարողանում լուծել ընթացիկ հարցեր անգամ: Նա օրինակ բերեց Վրաստանը, որտեղ ամիսներով ուշանում էին ոստիկանների ու զինծառայողների աշխատավարձերը, թոշակառուները թոշակ չէին ստանում տարիներով:

Նույնն էր նաեւ Ղրզըստանում, որի բնակչությունը հասնում է 5 միլիոնի, իսկ անցած տարի երկրի բյուջեն 300 միլիոն դոլարից քիչ էր:

«Հայաստանի բանկչությունը երեք միլիոն է, բյուջեն՝ 800 միլիոն դոլարից ավել», - համեմատեց Հայաստանի ղեկավարը:

Նախագահի երրորդ փաստարկն այն էր, որ բոլոր երեք նախկին խորհրդային հանրապետություններում տեղի ունեցավ սերնդափոխություն. դեռեւս խորհրդային տարիներից իշխանության եկածներին փոխարինելու եկան «դինամիկ ղեկավարներ»: Հայաստանում, մինչդեռ, սերնդափոխություն եղել է արդեն 2 անգամ՝ 1991 եւ 1998 թվականներին:

Եվ վերջապես 4-րդ փաստարկը. բոլոր այդ երկրներում ընդդիմության շարքերից իշխանության են եկել մարդիկ, ովքեր ժամանակին գործադիր իշխանությունում լուրջ պաշտոններ են զբաղեցրել եւ «բարեփոխիչների» համբավ ունեին: Բերելով Վրաստանի օրինակը, Քոչարյանը ասաց, թե նրանք նախկին իշխանությունների կողմից պաշտոնազրկվել էին ոչ թե վատ աշխատանքի, այլ ակտիվ աշխատելու համար: Հայաստանում, մինչդեռ, նախագահի խոսքերով, որեւէ պաշտոնյա ակտիվ աշխատանքի համար չի ազատվել:

«Այս չորս եզրերը որեւէ առնչություն չունեն Հայաստանի իրավիճակի հետ: Ոչ ոք չի կասկածում իշխանության վճռականության մեջ Հայաստանում: Հայաստանում սերնդափոխությունը վաղուց կատարվել է: Հայաստանում մենք չունենք պաշտոնանկ արված ընդդիմադիրներ, որոնք պաշտոնանկ են արվել իրենց ակտիվ աշխատելու համար», - ասաց նա: - «Մենք ունենք շատ հանգիստ եւ արդյունավետ աշխատելու ժամանակ, եւ այդ ժամանակը մենք օգտագործելու ենք երկրի տնտեսությունը զարգացնելու համար»:

Ռոբերտ Քոչարյանը հայաստանյան ընդդիմությանը առաջարկեց «չկոմպլեքսավորվել», որ իրենց մոտ չի ստացվում, իսկ երկրներում ստացվում է:

«Իրենց մոտ չի հաջողվել եւ չի հաջողվում ոչ թե նրա համար, որ իրենք շատ վատն են, այլ նաեւ նրա համար, որ երկիրը ավելի լավն է մեր մոտ եւ իշխանությունը ավելի արդյունավետ է», - բացատրեց նա: - «Եթե այսպես ձեւակերպենք, միգուցե իրենց մոտ այդ կոմպլեքսավորվածության աստիճանը կնվազի եւ կհանգստանան»:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցին, մասնավորապես՝ հայկական կողմից զիջումների հնարավորության մասին, Ռոբերտ Քոչարյանը ասաց. - «Մենք երբեք չենք էլ ժխտել, որ հարցի լուծումը ենթադրում է կոմպրոմիսներ: Եթե կա շարունակվող կոնֆլիկտ, ապա այդ կոնֆլիկտի լուծումը հենց կոմպրոմիսներն են: Ինչ կարգի կոմպրոմիսներ կունենանք, դա կախված է մի շարք հանգամանքներից»:

Այդ հանգամանքների թվում նախագահը նշեց տնտեսական ցուցանիշները, երկրի ներքին միասնությունը, միջազգային հանրության դիրքորոշումը:

«Այսօր մենք պետք է ընդունենք, որ կոմպրոմիսները կոնֆլիկտի կարգավորման արդյունքում անխուսափելի են: Բայց այդ կոմպրոմիսները ինչ ծավալի կլինեն՝ այսօր ավելի լավ է դրա մասին չխոսենք», - ասաց նա՝ կրկնելով. - «Ինչքան պինդ լինենք, այնքան ավելի շատ կստանանք, եւ ինչքան շատ կստանանք, այնքան ավելի լավ»:

Քոչարյանը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում պարտադրանք չի լինելու եւ, եթե գնան զիջումների, ապա՝ միայն գիտակցաբար:

Նախագահը խոսեց նաեւ երկրի տնտեսական աճի մասին: Նշելով, որ անցած տարի Հայաստանում տնտեսական աճը կազմել է է 10,1 տոկոս, նա ասաց, որ երբ ինքը խոսում է աճի մասին, մամուլում գրում են, թե ինչու ժողովուրդը իր վրա չի զգում այդ աճի ազդեցությունը:

«Նույնիսկ, պատկերացրեք, մինչեւ իմ հանդիպումը այստեղ, երեկ մեր ընտանիքում տիկինը ասում է՝ էդ տնտեսական աճից քիչ խոսա, հետո քննադատում են», - ասաց Քոչարյանը՝ այդուհանդերձ հայտարարելով, որ 2005 թվականի բյուջեն իր ծախսային մասով 77 միլիարդով ավելի է, քան 2004-ինը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG