Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 9-ը ապրիլի)

«Հայաստանի Հանրապետություն» թերթն այսօր Ռոբերտ Քոչարյանի երդմնառության երկրորդ տարելիցի առիթով իր ընթերցողներին ոգեշնչում է. - «Մեզ չի կարող սպառնալ «ղրղըզական ձիով, նարնջագույն շարֆով, կարմիր վարդով» ուրվականը»: Որպես դրա գրավական թերթը մատնանշում է նախագահի իրատեսությունը: «Իրատեսությունից է, որ երկրի ներքին կայունությունը չի դառնում գունավոր կամ բանջարաբոստանային հեղափոխության համար պարարտ հող», - ձեւակերպված է այս թերթում:

Վերջին շրջանում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն, «Օրինաց երկիր»-ն ու դրա նախագահ, ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը աշնանը մտադիր են անցնել ընդդիմադիր ճամբար: Սրա հետ կապված «Առավոտ» թերթը փոխանցում է նկատի առնվող ընդդիմադիրների արձագանքը: «Դա մեզ համար ընդունելի եւ հավանական տարբերակ չէ այն պարզ պատճառով, որ այս երկրին պետք է իսկապես ժողովրդավարական հեղափոխություն եւ ոչ թե ներքին իշխանափոխություն: Դրանով այս երկրում ոչ մի խնդիր չի լուծվի», - ընդգծում են վերջիններս: - «Արթուր Բաղդասարյանը եւ «Օրինաց երկիր»-ը ապօրինի վարչախմբի կցորդ են եւ նրանց հետ համագործակցության որեւէ նախապայման չկա»:

«Սերժ Սարգսյանի պաշտոնական առաջխաղացման թեման դանդաղ եւ հաստատուն քայլերով դառնում է ներքաղաքական կյանքի ամենաքննարկելի հարցերից մեկը: Նկատելի է, որ պաշտպանության նախարարը որոշել է փոխել իր իմիջը եւ նա, ի տարբերություն նախկինի, երբ հայտնի էր որպես գորշ, հակակրելի, կոպիտ անձնավորություն, հիմա փորձում է ներկայանալ որպես մեղմ, բաց, բարեհամբույր, հումորի զգացումով քաղաքական գործիչ», - ուշադրություն է սեւեռում «Հայկական ժամանակ» թերթը: - «Սերժ Սարգսյանը որոշել է փոխել իմիջը, ինչը կարող է նշանակել, որ պատրաստվում է նաեւ պաշտոնի փոփոխության: Ամեն դեպքում, այս պրոցեսները կարող են լուրջ ազդակ դառնալ ընդդիմության համար, որն իր իներտության եւ քառակուսիության պատճառով կարող է կորցնել ներքաղաքական պրոցեսների վրա իրապես ազդելու հնարավորությունը»: «Ընդդիմությունն այսօր կանգնած է սեփական գործունակությունն ապահովելու, ինչպես նաեւ նախագահի սեփական թեկնածուին ճշգրտելու հրատապ անհրաժեշտության առաջ», - շեշտում է «Հայկական ժամանակ»-ը:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի մատուցմամբ՝ Հայաստանում ներքաղաքական վիճակը ներկայումս բնութագրվում է բոլորովին էլ ոչ «հեղափոխական իրավիճակին» բնորոշ չափորոշիչներով։ «Հայաստանում գոյություն չունի ծայրահեղորեն ունեզրկվածների մի այնպիսի զանգված, որը կարող է հեղափոխություն անել: Առկա է վրացական եւ ուկրաինական տարբերակների ճիշտ հակառակ, այսինքն՝ «ուժեղ իշխանություն-թույլ ընդդիմություն» բանաձեւը»: Հեղափոխություն իրագործելու համար, մեկնաբանի վարկածով, անհրաժեշտ է «միաժամանակ 3 խնդիրների շուտափույթ լուծում ներկա թույլ ու պառակտված ընդդիմության կողմից. ա) միավորում ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ, բ) քաղաքական կոալիցիայի քայքայում, գ) Հայաստանի ուժային համակարգի կազմալուծում։ Եթե անգամ արտաքին ինչ-ինչ ուժերի ներգործությամբ ընդդիմությանը հաջողվի լուծել այդ 3 խնդիրներից գոնե մեկը կամ առավելագույնը՝ երկուսը, միեւնույն է, նա չի կարող հիմնավորապես կազմալուծել չավարտված պատերազմի վիճակում գտնվող պետության կենսագործունեության ողջ համակարգը», - եզրափակված է «Հայոց աշխարհ»-ում:

Մյուս կողմից, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը այսօր «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է. - «Եթե Ղարաբաղի հարցում փոխվել է այն կարգախոսը, որով վարչախումբը եկել է իշխանության, ուրեմն նրանք պետք է հեռանան իշխանությունից։ Երկրորդ գործոնը, որն ուղղակի տանում է սոցիալական բունտի, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ժողովրդի սոցիալական վիճակի կտրուկ վատթարացումն է, ինչը կապված է դոլար-դրամ այս խաղերի հետ, եւ ինչի թիկունքում իշխանությունների ստվերային գործարքներն են»։ «Քաղաքացիական անհանդուրժողականության ալիքն այլեւս անխուսափելի է, եւ ընդդիմությունը պարտադրված է լինելու առաջնորդել հասարակական ընդվզման ալիքը», - բանաձեւում է Սմբատ Այվազյանը։ Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիա չգնաց, որովհետեւ «այնտեղ նա պետք է պատասխան տար, թե ինչու չի կատարում իր տված խոստումներն ու առաջին հերթին՝ Ղարաբաղի հարցով տված խոստումները»: «Շիրակը միայն Ֆրանսիան չէր ներկայացնելու. նա ներկայացնելու էր ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ Ամերիկան, ե՛ւ Ռուսաստանը, եւ Քոչարյանը պարզապես խուսափեց այդ տերությունների հետ առերեսումից: Այդ այցից խուսափելու պատճառներից մեկն էլ այն էր, որ Պուտինը Երեւանում Քոչարյանին հստակ հասկացրեց, որ ինքն այլեւս Հայաստանի նախագահի համար ոչինչ անել չի կարող», - շաղկապում է Սմբատ Այվազյանը՝ ամփոփելով. - «Իշխանամետ բոլոր կուսակցություններն էլ ընդունում են, որ Քոչարյանն իրեն սպառել է ու պետք է հեռանա, սակայն այդ հեռացման սցենարը յուրաքանչյուր կուսակցություն յուրովի է տեսնում... Նրանք բոլորն էլ պատրաստվում են արտահերթ նախագահական ընտրությունների»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG