Մատչելիության հղումներ

«Ռամսֆելդը Բաքվում քննարկելու է Ադրբեջանում ԱՄՆ արագ արձագանքման ջոկատների տեղակայման հարցը»


Վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները, ադրբեջանական «Էխո» թերթը հաղորդում է, թե երեքշաբթի օրը Բաքու կատարելիք կարճաժամկետ այցի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու է Ադրբեջանում Միացյալ Նահանգների արագ արձագանքման ջոկատների տեղակայման հարցը:

«Որքան ինձ հայտնի է, այցի նպատակը Եվրոպայում ԱՄՆ զորքերի փոխհրամանատար գեներալ Ջեյմս Ուոլդի՝ մարտի վերջին Բաքվում այս հարցով բանակցությունների արդյունքների շուրջ վերջնական որոշում կայացնելն է», - հայտարարել է անկախ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

Նրա խոսքերով, ջոկատների տեղակայման մասին որոշումը պետք է կայացվի ամենաբարձր մակարդակով՝ Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի կողմից:

Ըստ Զաֆարովի, արդեն ստացվել է Ադրբեջանի իշխանությունների սկզբունքային համաձայնությունը այս հարցում, եւ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը Բաքու է գալիս ժամկետները հստակեցնելու:

«Համոզված եմ, որ Ադրբեջանի պատասխանը բոլորին հայտնի կդառնա մինչեւ ապրիլի կեսը եւ կլինի դրական», - կարծում է փորձագետը:

«Էխո»-ն նաեւ գրում է, թե սա կլինի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի երրորդ այցը Ադրբեջան: Մինչ այդ նա Բաքու էր այցելել 2003 թվականի վերջին եւ 2004-ի կեսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG