Մատչելիության հղումներ

logo-print
Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը խուսափեց ուղիղ պատասխանել հաջորդ նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրմանը վերաբերող հարցին:

Լրագրողների դիտարկմանը, թե ներկայումս հայաստանյան իրավիճակը նման է նախընտրականի, եւ խոսակցություններ կան, թե Հանրապետական կուսակցությունը նախապատրաստվում է նախագահական ընտրությունների՝ թեկնածու ունենալով Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարը արձագանքեց. - «Ես չեմ կարծում, որ այսօր որեւէ կուսակցություն նախապատրաստվում է նախագահական ընտրությունների, որովհետեւ դեռեւս շատ վաղ է նախագահական ընտրությունների մասին խոսել»:

«Դեռեւս երեք տարուց ավելի կա, ինչո՞ւ ենք շտապում», - ավելացրեց նա:

«Բայց որ բոլոր կուսակցությունները, բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են խորհրդարանական ընտրությունների՝ սա փաստ է: Այդ թվում նաեւ Հանրապետական կուսակցությունը, ինչը ամբողջովին ընկալելի է», - ասաց նախարարը:

Հերթական խորհրդարանական ընտրությունները Հայաստանում պետք է տեղի ունենան 2007 թվականին: Պաշտպանության նախարարի կարծիքով, սակայն, երկու տարին «շատ մեծ ժամանակ չէ նախապատրաստվելու խորհրդարանական ընտրություններին»:

Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանում էր Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադում, ուր զինվորների հետ հանդիպման էին եկել մի խումբ գրողներ:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG