Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների նախագծերը ընդգրկվեցին ԱԺ օրակարգում


Եվրաինտեգրման հանձնաժողովն այսօր որոշեց երկուշաբթի սկսվող քառօրյայի օրակարգի նախագիծ ընդգրկել սահմանադրական փոփոխությունների երեք նախագծերը՝ պայմանավորվածությամբ, որ այդ քառօրյայում քննարկումները չեն սկսվի: Այսօրվա սահմանած հատուկ կարգի նախագծով, առաջին ընթերցումը նիստերի դահլիճում առնվազն հարյուր ժամ է տեւելու:

Իսկ մինչ հարյուրժամյա քննարկումները հանձնաժողովականները տնտղելու են խորհրդարանի կանոնակարգը՝ ինչպես անել, որ ամբողջ ընթացակարգը զրոյից չսկսվի: Բանն այն է, որ առնվազն երկու նախագծերի հեղինակներն ուզում են քննարկման ու հատկապես քվեարկության ներկայացնել իրենց նախագծերի լրամշակած տարբերակները եւ ոչ թե այն, ինչ պաշտոնական շրջանառության մեջ է ամիսներ ի վեր:

Առաջին քվեարկությունից հետո արդեն Վենետիկի հանձնաժողովի փորձագետները հենց Երեւանում հեղինակների հետ կքննարկեն քվեարկությամբ հաղթած նախագծի հետագա մշակման ճակատագիրը:

Հանձնաժողովականներն այսօր միասնաբար որոշեցին նաեւ, թե Ազգային Ժողովին ներկայացնելիս ինչպես են բացատրելու սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ մարդու իրավունքների պաշտպանվածության երաշխիքների ամրապնդումից մինչեւ Ազգային Ժողովը լուծարելու՝ նախագահի բացարձակ իրավունքի վերացում, տեղական ինքնակառավարման համակարգի ինքնուրույնության բարձրացում:

Նախագահ Քոչարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությանն առնչվող պարտավորություններից բխող միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների հետ, որում բացի խորհրդարանական ղեկավար ներկայացուցիչներից, ընդգրկված են նաեւ կառավարության անդամներ:

Սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր նույնպես քննարկվել են խորհրդակցության ընթացքում: Նախագահի մամուլի ծառայությունը փոխանցում է, որ Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է «փոփոխությունների գործընթացը չդանդաղեցնելու եւ փոխհամաձայնության բարձր աստիճան ունեցող վերջնական նախագիծ ձեւավորելու անհրաժեշտությունը»:

Հանձնաժողովի անդամներն ասել են, որ եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծը եւս արժանանա Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ դրվի հանրաքվեի, Հայաստանը 2005 թվականը կավարտի Եվրախորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները կատարած:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG