Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի ղեկավար անդամ, դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը վերահաստատեց իշխանափոխության իրենց կարգախոսը՝ իշխանափոխության հասնել համաժողովրդական շարժման արդյունքնում:

«Այն հանդիպումները, որ մենք ունենում ենք ազգաբնակչության հետ, շարունակվելու են մարզերում եւ Երեւանում: Եվ մենք կընտրենք հարմար պահը եւ ժամանակահատվածը այդ համաժողովրդական շարժման արդյունքում իշխանափոխություն իրականացնելու համար», - ասաց նա: - «Մեր գործողությունները շարունակվելու են հանդիպումներով եւ ավարտվելու են կոնկրետ գործողություններով»:

Անցած տարվա ապրիլի լույս 13-ի իրադարձությունների կապակցությամբ, երբ Բաղրամյան պողոտայում ցուցարարները բռնությունների ենթարկվեցին, հանրահավաք չի նախատեսվում: Ապրիլի 13-ին «Արդարություն» դաշինքը կազմակերպելու է ֆորում՝ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հարցին, թե ինչու ապրիլի 13-ին հանրահավաք չի կազմակերպվում, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը պատասխանեց, թե ժողովրդի հետ իրենց հանդիպումները ցույց են տվել, որ մարդիկ «շատ վճռական են տրամադրված», ուստի եթե ժողովուրդը կրկին փողոց դուրս գա, ապա իշխանափոխության հարցը պետք է վերջնականապես լուծվի: Իսկ հիմա, ըստ Խաչատրյանի, այդ «վճռական պահը դեռ չի եկել»:

Վիկտոր Դալլաքյանը ասաց նաեւ, որ ընդդիմությունը չի ցանկանում, որ Հայաստանում արյունալի բախումներ լինեն, եւ կրկին տուժեն խաղաղ ցուցարարները: Նրա շեշտադրմամբ, եթե 2003 թվականի ընտրություններից հետո «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ցուցարարներին հրահանգեր գրավել նախագահի նստավայրը կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ապա Ռոբերտ Քոչարյանը արդեն նախագահ չէր լինի:

Ընդդիմությունը, սակայն, այդ քայլին չդիմեց, քանի որ, Դալլաքյանի խոսքերով, հետագայում Ստեփան Դեմիրճյանին կմեղադրեին, թե իշխանության է եկել արյունոտ ճանապարհով:

«Մենք քաղաքակիրթ, ցիվիլ ճանապարհով Քոչարյանի հեռացման կողմնակիցն ենք», - հայտարարեց Դալլաքյանը՝ հավելելով, որ վճռական գործողություններից առաջ իրենք հաշվի են առնելու հետեւյալ հանգամանքները. - «Արտաքին քաղաքական եւ տարածաշրջանային զարգացումները, կոալիցիայի ներսում ընթացող գործընթացները, ներքաղաքական զարգացումները, Լեռնային Ղարաբաղի սրվածության հետ կապված խնդիրը, ինչու չէ, նաեւ Լեռնային Ղարաբաղում սպասվող խորհրդարանական ընտրությունները, որոնք որոշակիորեն կանդրադառնան նաեւ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակի վրա, եւ այլն»:

«Այսինքն, սա լուրջ վերլուծական աշխատանք է պահանջում եւ պահի ճիշտ ընտրություն: Ես համոզված եմ, որ մենք ճիշտ պահը կընտրենք», - եզրափակեց նա:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG