Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարության պատվիրակությունը կայցելի Միացյալ Նահանգներ


Տեղեկացնելով ապրիլի 13-15-ը տեղի ունենալիք այցի մասին, թուրքական աղբյուրները հաղորդում են նաեւ, որ Թուրքիայի փոխարտգործնախարար Ալի Թույգանի ղեկավարած պատվիրակության կազմում լինելու են միայն դիվանագետներ: Հաղորդվում է նաեւ, որ Սպիտակ տանը, Պաշտպանության նախարարությունում եւ Պետդեպարտամենտում նախատեսված հանդիպումների ժամանակ քննարկվելու են «այսպես կոչված հայոց ցեղասպանության մեղադրանքները», Կիպրոսին եւ Ինչիրլիքի ռազմակայանին առնչվող խնդիրներ:

Թուրքիայի արտգործնախարարության պատվիրակությունը նախատեսել է հանդիպումներ նաեւ ԱՄՆ կոնգրեսում հրեական լոբբիի հետ: «Զաման» թերթն այս առթիվ գրում է, որ ապրիլի 24-ին անմիջապես նախորդող օրերին ծրագրված այդ հանդիպումը չափազանց կարեւոր է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայկական լոբբիի ջանքերը չեզոքացնելու առումով:

Թուրքիան հայտարարել է, որ այս թեմայից բացի պատրաստ է քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Սակայն հասկանալ է տվել, որ ցանկանում է հատուկ կենտրոնանալ Ինչիրլիքի ռազմակայանի եւ Կիպրոսի խնդիրների վրա:

Աֆղանստանում, Իրաքում, այժմ նաեւ Սիրիայում իրադարձությունների զարգացմանը հետեւելու համար ԱՄՆ-ը ցանկանում է որպես հիմնական հենակետ օգտագործել Ինչիրլիքի ռազմակայանը: Ակնկալվում է, որ Թուրքիայի իշխանությունների հետ բանակցություններում Միացյալ Նահանգները մտադիր է կրկին բարձրացնել այս հարցը:

Թուրքիան դեռեւս որոշում չի կայացրել եւ հայտարարում է, թե խնդիրը քննարկման վերջին փուլում է:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG