Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանը հայտնվել է հայտնի մուլտֆիլմի հայտնի հերոսի վիճակում, որն աղիողորմ հեծկլտում է այն գիտակցումից, որ իր կյանքում ոչինչ չի փոխվում», - պատկերավորում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Մամուլի արխիվը վերընթերցելիս կամ քաղաքական գործիչների ելույթները հետահայաց ուսումնասիրելիս դեժավյուի զգացում ես ունենում. մենք անընդհատ պտտվում ենք նույն հարցերի շուրջ, նույն հարցերի շուրջ խոսում նույն շեշտադրումներով, բերում միեւնույն փաստարկները»: «Մեզ, իսկապես, պետք է գտնել մեր երազը, բայց պարզվում է, որ երազը գտնելու համար պետք է պատրաստ լինել նաեւ անքուն գիշերներ անցկացնել` գուցե բազմաթիվ անքուն գիշերներ: Այլապես մղձավանջը կարող է չնահանջել», - ամփոփում է «Հայկական ժամանակ»-ը: «Հարցը, թե արդյոք Հայաստանում հեղափոխություն կլինի, արդեն անիմաստ է թվում», - գրում է այսօր «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Հետխորհրդային ժողովուրդներին անկախ պետականության ձեւը չտվեց այն, ինչի համար նախեւառաջ կոչված էր՝ Ազատություն: Հիմա այս ժողովուրդները ցանկանում են անկախությունը ծառայեցնել իր իրական նպատակին՝ արժանապատիվ ապրելուն»: Կա մտասեւեռում, թե հեղափոխություն անպայման բոլոր նորանկախ երկրներում պետք է տեղի ունենա, եւ, ըստ մեկնաբանի, սրանով է պայմանավորված իշխանությունների կողմից ծրագրված իմիտացիոն հեղափոխության սցենարը: «Ըստ ամենայնի, այդ «հեղափոխությունը» կիրականացնի Սերժ Սարգսյանը, քանի որ, թերեւս, նա միակն է, որ կարող է Քոչարյանին երաշխիքներ տալ», - ենթադրում է մեկնաբանը՝ մատնանշելով. - «Սարգսյանը հիմա փորձում է ներկայանալ որպես լուրջ ծրագրեր ունեցող քաղաքական գործիչ՝ որոշակի արեւմտամետ գունավորմամբ»: Մեկնաբանն ավարտում է «իսկ ի՞նչ է անում Ստեփան Դեմիրճյանը» հարցով, որին ինքն էլ պատասխանում է. - «Ոչինչ: Իսկ սահմանադրականության մասին դանդաղասելուկներին հավատարմությունը ցույց է տալիս փոփոխությունների հանդեպ անընկալունակությունը»: «168 ժամ» շաբաթաթերթի մեկնաբանի հայացքով՝ հայաստանյան «իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների՝ հրապարակայնորեն ժողովրդավարության ջատագով ներկայանալու վերջին փորձերը ցույց են տալիս, որ իշխանության ներսում նույնպես մտավախություն կա, որ հեղափոխության ալիքը ուշ թե շուտ Հայաստան էլ հասնելու է, եւ իրադարձությունների նման զարգացման դեպքում պետք է Արեւմուտքի համար ամենաընդունելին դառնալ»: «168 ժամ»-ում եւս դրվում է «Ի՞նչ է անում ընդդիմությունը» հարցը՝ հետեւյալ շարունակությամբ. - «Այն՝ ի դեմս «Արդարություն» դաշինքի, որոշում է կայացրել ապրիլի 13-ին միջոցառում անցկացնել Կառավարության նիստերի դահլիճում»: «Իսկ դա ավելի շուտ կարող է լինել ոչ թե հեղափոխության սկիզբ, այլ եւս մեկ ապացույց, որ այսօրվա ընդդիմությունը ի վիճակի չէ կոնկրետ գործողությունների դիմել», - եզրակացված է «168 ժամ»-ում:

«Ինչ-որ բան այն չէ Դանիական թագավորությունում» ակնարկալի վերնագրի տակ է «Հայոց աշխարհ» թերթն անդրադառնում «Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնած հանդիպումներին մի շարք, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների հետ: Իսկ «Օրինաց երկիր»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը «Հայոց աշխարհ»-ի թղթակցին հավաստիացրել է. - «Որեւէ անգամ հեղափոխության հարց չի շոշափվել։ Իմ տպավորությամբ, որեւէ մեկը դա լուրջ չի ընդունում, եւ ընդհանրապես Հայաստանում հեղափոխական իրավիճակ չկա»։ Իսկ որպես կարեւորագույն անելիք Բալասանյանը մատնանշում է. - «Անհրաժեշտ է ազգովին պայմանագիր ստորագրենք գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ազնիվ, թափանցիկ անցկացնելու համար»:

«Առավոտ» թերթում ցայտնոտային վիճակ է ամրագրվում Սահմանադրության շուրջ: «Ըստ էության, կոալիցիան հայտնվել է փակուղում», - նշում է մեկնաբանը: - «Եվրոպական կառույցների ճնշումն այս դեպքում, ըստ երեւույթին, բավականին ուժեղ է, քանի որ վերջին պահին նախագիծ փոխելը ամենեւին էլ հեշտ գործ չէ: Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ ժամկետները սաստիկ ճնշում են»:

Այս ընթացքում, «168 ժամ» թերթի աղբյուրների պնդմամբ՝ մարտի սկզբներին Հայաստանի տարածքային ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը Մոսկվայի «Եվրոպա» խաղատանը 2 միլիոն դոլար է տանուլ տվել:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG