Մատչելիության հղումներ

Վրաց-աբխազական խնդիրը կքննարկվի Ժնեւում


Ապրիլի 7-ին եւ 8-ին Ժնեւում ՄԱԿ-ի միջնորդությամբ տեղի կունենա վրաց-աբխազական հիմնախնդրին նվիրված խորհրդակցություն, որը նախագահելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ առաքելությունների հարցերով տեղակալ Ժան-Մարի Գուեննոն:

Խորհրդակցությանը մասնակցելու են «Վրաստանի հարցերով բարեկամ երկրների»՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի դիվանագետները: Ռուսաստանը ներկայացնելու է արտաքին գործերի առաջին փոխնախարար Վալերի Լոշչիխինը:

«Բարեկամ երկրների» խմբավորումը ձեւավորվել է 1994 թվականին:

Ժնեւյան հանդիպմանը մասնակցելու են նաեւ Վրաստանի ու Աբխազիայի ներկայացուցիչները: Վրաստանից Շվեյցարիա է մեկնել վրաց-աբխազական բանակցույթյուններում նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի անձնական պատվիրակ Իրակլի Ալասանիան: Նա ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է, որ Ժնեւում քննարկվելու են անվտանգության ամրապնդման, տնտեսական ծրագրերի իրագործման, ինչպես նաեւ Գալիի շրջան վրաց փախստականների վերադարձի հարցերը:

Չի բացառվում, որ քննարկվի Միխեիլ Սահակաշվիլիի եւ Աբխազիայի ղեկավար Սերգեյ Բագապշի միջեւ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Սահակաշվիլիի խոսնակ Գելա Չարկվիանին անցած ամիս ասել էր, թե Վրաստանի նախագահը «պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել Բագապշին Սուխումիում կամ Թբիլիսիում»:

Բագապշը, իր հերթին, ասել էր, թե «Թբիլիսի կմեկնի միայն այն դեպքում, եթե հանդիպումն ընձեռի լուրջ խնդիրներ լուծելու հնարավորություն»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սոչիում ընդունել է Հարավային 0սիայի եւ Աբխազիայի չճանաչված հանրապետությունների նախագահներ Էդուարդ Կոկոյտիին եւ Սերգեյ Բագապշին:


Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG