Մատչելիության հղումներ

Ծալկայում տեղակայվել է Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանում


Վերջին շրջանում Ծալկայում մի կողմից հույների եւ մյուս կողմից սվանների ու աջարների միջեւ տեղի ունեցող հաճախակի ընդհարումների պատճառով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ նշանակության ստորաբաժանում է տեղակայել:

Այս ստորաբաժանման գլխավոր խնդիրը շրջանում հասարակական կարգուկանոնի եւ բնակչության անվտանգության ապահովումն է լինելու:

«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, Ծալկայի շրջանից մեծամասնական կարգով ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հայկ Մելտոնյանը նշել է. - «Շրջանում անկայունության առաջացումը, ինչպես նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանում մտցնելը արդյունք էին շրջանի ղեկավարի պաշտոնակատար Միխայիլ Ցկիտիշվիլու անկարողության եւ ապիկարության»:

2005 թվականի առաջին եռամսյակում Ծալկայի շրջանում գրանցվել են հույն-աջարական, հույն-սվանական բազմաթիվ բախումներ, որոնց ընթացքում գրանցվել է նաեւ մեկ մարդասպանություն:

15 մարդ է տուժել Վրաստանի Ծալկայի շրջանի Ավրալո գյուղում մարտի 17-ին տեղի ունեցած ազգամիջյան բախման հետեւանքով, որին մասնակցել էին աջարներ, հույներ եւ հայեր:

Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով, Աջարիայից գաղթած մի քանի ընտանիքներ «ավազակային հարձակում էին գործել մի հույն ընտանիքի վրա եւ ծեծել նրա անդամներին»: Գյուղի հույներն ու հայերը, ի պատասխան, հարձակվել էին աջարների վրա:

Աջարների խոսքերով, տեղի հույները եւ հայերը փորձում էին ստիպել իրենց հեռանալ շրջանից, քանի որ չեն ցանկանում, որպեսզի իրենց կողքին բնակվեն նաեւ վրաստանցիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG