Մատչելիության հղումներ

Բարձրացվել են ԱՄՆ ներգաղթային վիզաների միջնորդավճարները


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը երեքշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ 2005 թվականի մարտի 8-ից ԱՄՆ ներգաղթային վիզաների ու որոշ հյուպատոսական ծառայությունների դիմաց գանձվող միջնորդավճարները բարձրացվել են:

Բարձրացումը չի վերաբերում ոչ-ներգաղթային վիզայի միջնորդավճարին, որը անփոփոխ է մնացել՝ 100 ամերիկյան դոլար:

Բոլոր տեսակի ներգաղթային վիզաների (այդ թվում եւ Բազմազանության վիճակախաղում շահողների) միջնորդավճարն ավելացել է 45 ամերիկյան դոլարով: Այս բարձրացումն արտոնվել է ԱՄՆ կոնգրեսի կողմից` ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացում անվտանգության միջոցների կատարելագործման ու փաստաթղթի ֆիզիկական պաշտպանվածությունը մեծացնելու նպատակով:

Բազմազանության վիճակախաղի շահողների համար վիզայի հատուկ միջնորդավճարը դարձել է 375 ամերկյան դոլար՝ «որպեսզի հնարավոր լինի հոգալ վիճակախաղի ծրագրի բոլոր ծախսերը»: Այս միջնորդավճարը վճարում են միայն վիճակախաղի հաղթողները: Վիճակահանության մասնակիցների գրանցումը շարունակում է մնալ անվճար:

«Նախատեսվում է, որ գանձվող միջորդավճարները գոնե մասամբ փակեն այն ծախսերը, որ կատարվում են վիզաների տրամադրման ծառայություններ մատուցելու համար: 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ կառավարությունը ներմուծել է անվտանգությունը մեծացնելու ու կեղծիքները կանխարգելելու խստացված միջոցներ: Այս միջոցները հիմնականում կապված են նորագույն տեխնոլոգիաների կիրառման հետ ու չափազանց թանկ արժեն», - փաստարկված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG