Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 2-ը ապրիլի)

Ըստ «Առավոտ» թերթի, Ռոբերտ Քոչարյանի՝ Վրաստան անսպասելի այցը նախ եւ առաջ «պայմանավորված է Ջավախքում ռուսական ռազմաբազաների հեռացման հետ կապված՝ տեղի բնակչության հուզումներով»: «Հայաստանը պետք է անի հնարավորը՝ օգտագործելով իր բոլոր հնարավորությունները, որպեսզի Վրաստանի մեր հայրենակիցները չդառնան գործիք Մոսկվայի ձեռքին: Հայ-վրացական հարաբերություններն անգնահատելիորեն արժեքավոր են Երեւանի համար: Այս առումով նախագահ Քոչարյանը ճիշտ ժամանակին է մեկնել Վրաստան», - ընդգծում է «Ազգ» թերթի մեկնաբանը՝ նշելով նաեւ, որ ընդհանրապես հայ-վրացական հարաբերություններում լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ կան, եւ երկու նախագահների հաճախակի հանդիպումները միայն ողջունվում են: Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, Քոչարյանի այս այցն ուղղակիորեն կապվում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի՝ մայիսին Թբիլիսի կատարելիք այցի հետ. - «Տեղեկություններ կան, որ Սահակաշվիլին ամերիկյան կողմի խնդրանքով է Քոչարյանին հրավիրել հանդիպման»: «Ռոբերտ Քոչարյանին այսօր ոչինչ չի անհանգստացնում ավելի, քան այն կանխատեսումները, որ ժողովրդավարական հաջորդ հեղափոխությունը տեղի է ունենալու Հայաստանում», - նշում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը՝ այս առումով մանրամասն ներկայացնելով ամերիկյան հեղինակավոր Stratfor կենտրոնի՝ Հայաստանին նվիրված վերլուծությունը, որի վերնագիրն է՝ «Կորուստների ճանապարհին: Պուտինի աննշան եւ ուշացած այցը Հայաստան»: «Քոչարյանը որեւէ պատճառ չունի համագործակցելու մեկի հետ, որը մատ անգամ չի շարժի՝ նրան օգնելու համար, երբ նա բարդությունների մեջ լինի», - գրում են վերլուծության հեղինակները: - «Ակնհայտ է, որ Քոչարյանն արդեն հասկացել է, որ իր իշխանությունը պահպանելու միակ ճանապարհը կտրուկ շրջադարձն է դեպի Վաշինգտոն»: «Հայաստանի ներկայիս էլիտան վստահ է, որ Իրանի եւ Թուրքիայի ներխուժումից պաշտպանվելու ամենալավ միջոցը Վաշինգտոնի հետ դաշինքն է», - ձեւակերպված է ամերիկյան վերլուծականում: - «Իսկ այս ծրագրված արմատական քաղաքական փոփոխության հիմնական ուժը, ըստ հոդվածի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար եւ ղարաբաղյան կլանի ղեկավար Սերժ Սարգսյանն է»: Նախանշվում է, որ Հայաստանի ներկա իշխանությունը չի սպասի, թե երբ է արեւմուտքի աջակցությամբ հեղափոխությունը հասնելու Երեւան. - «Ավելի հավանական է, որ իշխանությունը պահպանելու համար նրանք անձամբ կփոխեն քաղաքական կողմնորոշումը»:

«Առավոտ» թերթի թղթակցի հարցին, թե «Արդյոք կարո՞ղ է այս իշխանությունը անցկացնել արդար ընտրություններ», տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. - «Դուք չեք կարող նշել որեւէ եվրոպական երկիր, որտեղ ընտրությունների ժամանակ որոշակի ապօրինություններ եւ թերություններ չեն եղել։ Պարզապես պետք է խոսել չափի մասին, իսկ 2003-ի ընտրությունների արդյունքի վրա ձեր նշած ապօրինությունները որեւէ ազդեցություն չեն ունեցել»: Մի խոսքով, հիմա էլ երկրի նախագահի կողմից գործադիր մարմինների առջեւ խնդիր է դրված` «ամեն ինչ անել սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նույնպես ազատ ու արդար անցկացնելու համար»: «Այսօր իշխանությունը լավ է աշխատում, եւ ժողովուրդը դա իսկապես զգում է», - վստահեցնում է Հովիկ Աբրահամյանը՝ միաժամանակ ակնարկելով. - «Ժողովուրդը, որը ուրանում է իր համար արված թեկուզ աննշան բարի գործը, ապագա չունի»։

«Այսօրվա վիճակը մեզ չի բավարարում, սակայն այն մեկ քայլ առաջ է, քան երեկվա օրը», - իր հերթին, «Հայկական ժամանակ»- հարցազրույցում ասում է Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: - «Ի վերջո, այս ժողովուրդը մեղք է. նրան համոզում ենք, որ ինքն ապրում է ամենաանօրեն, ամենակոռումպացված երկրում, եւ հետո էլ ասում ենք, թե ինչու է ժողովուրդն արտագաղթում»: Մարգարյանը նաեւ նշում է. - «Կոալիցիան ինձ չի բավարարում, եւ կոալիցիայից դուրս գալ-չգալը միշտ էլ մեր օրակարգում է: Սակայն այն, ինչ տեղի է ունենում կոալիցիայի ներսում, դրանք ոչ թե լուրջ տարաձայնությունների արդյունք են, այլ ընդամենը վերաբերմունքի, բնավորությունների հարց է, որ դրսեւորվում է իրար վիրավորելով, իրար խայթելով ու իրար ծամելով: Ամբոխավարությունը, օպորտունիզմը, քարոզչական դիվիդենտներ շահելու երեւույթները պատճառ են դառնում, որ ներկոալիցիոն հարաբերությունները փչանան», - որակել է Դաշնակցության ներկայացուցիչը:

Արձագանքելով «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի առաջարկին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ազատ, արդար ու թափանցիկ անցկացնելուն միտված հասարակական համաձայնության պայմանագիր ստորագրել, Հանրապետական կուսակցությունից Գալուստ Սահակյանը «Հայոց աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Կարծում եմ, այդպիսի քաղաքական իրավիճակների փուլը Հայաստանում հաղթահարված է։ Այսօր իրեն հարգող քաղաքական ուժի խոսքը՝ ընտրություններում իր կեցվածքի եւ այլ ուժերի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ, ավելի ծանրակշիռ է, քան ցանկացած փաստաթղթի տակ դրված ստորագրությունը»։ «Ոչ մի բան չի փոխվել, որպեսզի մարդիկ այդպիսի թուղթ ստորագրեն», - արձագանքում է ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը։ - «Մինչեւ նախորդ ընտրությունների կեղծարարները չպատժվեն, վստահություն չլինի, որ նոր ու մաքուր կանոններով խաղ է սկսվում, ո՞վ այդպիսի փաստաթուղթ կստորագրի։ Այդ կարգի առաջարկներ միշտ էլ եղել են, եւ թուղթը ստորագրելով հանդերձ ինչ ասես արել են։ Հիմա դրա ժամանակը չէ»։ Ընդդիմությունից ՀԺԿ ներկայացուցիչն էլ մատնանշում է. - «Մենք «Օրինաց երկրին» ասել ենք՝ կան 40-ից ավելի քրեական գործեր՝ նախորդ ընտրությունների հետ կապված։ Բայց կեղծարարներից ոչ մեկը պատասխան չի տվել։ Այ եթե որեւէ մեկը իսկապես պատասխանատվության ենթարկվի, այս կարգի նախաձեռնությունների մասին իմաստ կունենա խոսելը»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG