Մատչելիության հղումներ

Մամեդյարովը չի բացառում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չի բացառել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցությունը:

«Եթե մենք շարունակենք բանակցությունները՝ դրանց պետք է միանա նաեւ Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը», - շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Մամեդյարովը՝ որպես պարտադիր պայման նշելով բանակցություններում նաեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցությունը:

«Վաղ թե ուշ Ղարաբաղի հայկական համայնքը պետք է միանա բանակցություններին», - ասել է Մամեդյարովը: - «Նրանք պիտի մասնակցեն, որովհետեւ մենք չենք կարող առանց նրանց որեւէ քայլ ձեռնարկել»:

«Մեր դիրքորոշումն այն է, որ նախ պետք է արդյունավետ բանակցություններ ընթանան պաշտոնական Բաքվի եւ Երեւանի միջեւ, որից հետո կսկսեն աշխատել փորձագետներն ու մասնագետները», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության, հայտարարել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունների կապակցությամբ, Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Համլետ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Անկախ նրանից, թե այդ մասին Ադրբեջանն ինչ էր ասում երեկ եւ ինչ է ասում այսօր, փաստ է, որ արդեն մեկ տասնամյակից ավելի Լեռնային Ղարաբաղը կայացած քաղաքական միավորում է՝ իր օրենսդիր եւ գործադիր իշխանություններով, բանակով, դատարաններով, քաղաքացիական հասարակությանը բնորոշ կազմակերպություններով, եւ ինքնուրույն տնօրինում է իր ճակատագիրը»:

Գասպարյանի համոզմամբ, հնարավոր չէ դա շրջանցել եւ առանց այն հաշվի առնելու լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG