Մատչելիության հղումներ

Վախճանվել է Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը


Շաբաթ օրը տեղական ժամանակով 21:37-ին (Երեւանի ժամանակով կիրակի օրը 00:37-ին) Հռոմում Պապի առաջնորդական տեղապահ, կարդինալ Կամիլիո Ռուինին Հռոմի Սուրբ Պետրոս հրապարակում հայտարարեց. - «Պապը մահացավ»:

Մինչ այդ, թեեւ բժշական սարքերը ցույց էին տալիս, որ Պապի սիրտը կանգնել է, կարդինալ Ռուինին երեք անգամ դիմել էր Պապին անունով՝ Կարել, ապա, ինչպես պահանջում է արարողակարգը, արծաթե մուրճով 3 անգամ դիպել էր Պապի ճակատին եւ հարցրել. - «Դու ողջ ե՞ս»: Եվ միայն պատասխան չստանալուց հետո հայտարարեց Պապի վախճանի մասին: Վայրկյաններ անց Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի զանգերի ղողանջը այդ տխուր լուրը տարածեց Հռոմով եւ աշխարհով մեկ:

Հռոմի Պապի առողջական վիճակը կտրուկ վատացել էր հինգշաբթի օրը: Հովհաննես Պողոս Երկրորդը չէր ցանկացել, որ իրեն տեղափոխեն հիվանդանոց եւ մնացել էր Վատիկանի իր նստավայրում՝ Առաքելական պալատում:

85-ամյա Հովհաննես Պողոս Երկրորդը (Կարոլ Վոյտիլա, ազգությամբ լեհ) Հռոմի Պապ է ընտրվել 1978 թվականի հոկտեմբերի 16-ին:

Ապրիլի 3-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի մահվան առիթով հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ համայն բարեպաշտ հոտի ցավակցական գիր է հղել Վատիկան եւ իր սրտակցությունը հայտնել Կաթոլիկ Եկեղեցու սգակիր ողջ հոգեւոր դասին ու հավատացյալներին:

Ամենայն Հայոց Հայրապետի գրության մեջ մասնավորապես ասվում է. -«Մենք ջերմությամբ ենք հիշում մեր հանդիպումը Նորին Սրբության հետ Վատիկանում, ինչպես նաեւ նրա պատմական այցը Հայաստան 2001 թվականին: Հիվանդության վերջին տարիներին մենք ականատես եղանք Ի Քրիստոս մեր հոգեւոր եղբոր կողմից ցուցաբերած ոգու ամրության եւ քաջության, որպես լավագույն օրինակ հավատի, Աստծո նախախնամող կամքի հանդեպ հույսի ու ապավինության»:

«Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը Հռոմի առաջին քահանայապետն էր, որ հրավերով Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական այցով եկավ Հայաստան: Նա նաեւ Կաթոլիկ Եկեղեցու առաջին հովվապետն էր, որ ի խնդիր մարդկային կյանքում արդարության հաստատման ճանաչել էր 1915թ. Հայոց Ցեղասպանությունը եւ դատապարտել այդ ահավոր ոճրագործությունը», -ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցական գրում:

Կիրակի օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Վատիկանի Պետական Քարտուղար Կարդինալ Անջելո Սոդանոյին, որում ցավակցություն է հայտնել Հռոմի Պապի մահվան կապակցությամբ:

«Այսօր հայ ժողովուրդը, ողջ քրիստոնյա աշխարհի հետ միասին, սգում է համայն մարդկության մեծ համակրանքին եւ պատկառանքին արժանացած Նորին Սրբություն Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի վախճանը», - ասված է ուղերձում։ - «Պատմության մեջ հավերժ կմնա Նորին Սրբություն Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի աստվածահաճո առաքելությունը եւ անմնացորդ նվիրումը՝ ի նպաստ համամարդկային արժեքների տարածման, ժողովուրդների միջեւ համերաշխության հաստատման, ողջ աշխարհում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատությունների, ինչպես նաեւ խաղաղության ամրապնդման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG