Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումները բացահայտեցին, թե մեզանում իրականում քանի քաղաքական ուժ եւ գործիչ կա», - ձեւակերպում է «Երկիր» թերթը՝ բացակա քննադատներին նախատելով. - «Խոսելու ճիշտ տեղն էր՝ խոսեիք: Առաջարկ ունեիք՝ անեիք, լավագույն լուծումը գիտեիք՝ առաջարկեիք, դիտողություն կամ քննադատական խոսք ունեիք՝ քննադատեիք: Իսկ եթե լռում եք այս կարեւոր պահին, ապա էլ ե՞րբ եք խոսելու»:

Ըստ «Հայոց աշխարհ» թերթի, Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ երկօրյա խորհրդարանական լսումները եկան հաստատելու, որ «Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը չունի որեւէ հստակ, շոշափելի եւ հասարակության շատ թե քիչ հավանությանն արժանացող քաղաքական այլընտրանք»: Ընդ որում, «Հայոց աշխարհ»-ը արժեվորում է. - «Ազգային ժողովում հնչած ելույթները ցույց տվեցին նաեւ, որ պաշտոնական Երեւանի սկզբունքային կեցվածքի վերահաստատումը ոչ միայն չի հակասում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ծավալվող բանակցային գործընթացին, այլեւ ընձեռում է այն շարունակելու եւ խորացնելու նոր, լրացուցիչ հնարավորություններ»: Այստեղ նաեւ համադրված է. - «Սերժ Սարգսյանի ելույթը իր մեջ խտացված պարունակում էր ե՛ւ Հայաստանի հայտնի սկզբունքային դիրքորոշումները, ե՛ւ միաժամանակ՝ միջազգային-քաղաքական նոր կացության մեջ դրանց մատուցման ու հիմնավորման թարմ, նորարարական տարբերակները... Իսկ ռազմաքաղաքական շանտաժի դիմող Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը ավելի ու ավելի է հեռանում հակամարտությունների կարգավորման միջազգայնորեն ընդունված չափորոշիչներից»:

«Լրջանալու պահը վերադառնում է» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, իր հերթին, ընդգծում է. - «1998-ի իշխանափոխության ակտիվ մասնակիցների՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի, ինչպես նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթներում, հաճախ լսում էին այն նույն հիմնավորումները, որոնք դեռ ութ տարի առաջ իր հայտնի հոդվածում ներկայացրել էր առաջին նախագահը... Չնայած նախկին իշխանությունների ներկայացուցիչները լսումներին չէին եկել, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի հիմնական շեշտադրումները վերարտադրողների պակաս այդ լսումներում չզգացվեց»: Բերվում է եւ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետեւյալ արձագանքը. - «Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում նրանում, որ մեր այսօրվա քաղաքական գործիչների մտքերը համահունչ են առաջին նախագահի խոսքին»: ««Հայանպաստ» ուժերը սկսել են բարձր ամբիոններից կրկնել խիստ «հակահայ» մտքեր եւ դրանում ոչ մի վատ բան չտեսնել», - տարակուսում է մեկնաբանը:

Ապրիլի 1-ի առիթով «Առավոտ»-ը բնորոշում է. - «Մենք խելացի ենք այն աստիճանի, որ կարողանում ենք հիմար ձեւանալ: Օրինակ՝ ձեւացնում ենք, թե ոչինչ չենք հասկանում ժողովրդավարությունից, օրենքներից, մեր իրավունքներից... Մեզանից յուրաքանչյուրը՝ առանձին վերցրած, կարող է ժողովրդավարության դասեր տալ արեւմտյան ցանկացած փորձագետի: Բայց նա երբեք չի գնա պաշտպանելու իր իրավունքները: Չի գնա, որովհետեւ հիմար չէ: Պետք է կատարյալ ապուշ լինել, որպեսզի սեփական կամքով կոնֆլիկտի մեջ մտնես օրուգիշեր մեզ թափահարող հարկայինների, քաղաքային ունեցվածքը յուրացնող թաղապետերի, նույն այդ պատգամավորների, նախարարների եւ այլոց հետ: Չէ՞ որ նրանք կարող են հարցերդ այնպես լուծել, որ ոչ մի Եվրոպական դատարան քեզ չի օգնի: Մեր երկրում արդարության, սեփական իրավունքների համար պայքարողը, որպես կանոն, միշտ մնում է մենակ: Եվ ոչ այն պատճառով, որ մնացածը վախենում են, այլ որովհետեւ հիմար չեն»: «Իսկ թե ով է իրականում հիմար, դեռ կերեւա. Ղրղըզստանի պաշտոնանկ արված նախագահ Ակաեւն էլ, ինչպես պարզվեց, անկեղծորեն հավատում էր իր իշխանության ամենազորությանը», - ակնարկում է «Առավոտ»-ը:

«Հեղափոխությունների օբյեկտ (զոհ) են դառնում նախ եւ առաջ թույլ, կամ ինչպես ասում են քաղաքագիտության մեջ՝ «չկոնսոլիդացված» վարչակարգերը: Սակայն ուժեղների պարագայում նույնպես, եթե միջոցներ չեն ձեռնարկվում կուտակված խնդիրների լուծման համար, անխուսափելի տապալումն ընդամենը ժամանակի հարց է», - հաստատագրում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը՝ խտացնելով. - «Չի կարելի թաքցնել գլուխն ավազի մեջ ու խուսափել առկա իրողությունների սթափ եւ տհաճ վերլուծությունից: Անհրաժեշտ է անցկացնել իրական բարեփոխումներ եւ իրապես բարձրացնել բոլորի կենսամակարդակը»:

«Հայաստանում նույնպես առկա է սոցիալական դժգոհության ոչ պակաս ներուժ, քան Ղրղըզստանում, եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Հայաստանի իշխանությունը նույնքան թույլ չէ, ինչքան Ղրղըզստանում, առավել եւս, որ երկու երկրներում էլ կյանքը կառուցված էր նույն կլանային մենաշնորհների սկզբունքով, եւ հանրային ատելության թիրախները երկու դեպքում էլ հենց այդ կլաններն են», - համեմատում է «Իրավունք» թերթը՝ մատնանշելով. - «Երկաթե ձեռքով հեղափոխության սաղմերը ճզմելը եւ հստակ կլանային դիկտատուրա հաստատելը զուտ ցանկությամբ իրագործելն անհնար է, եթե չկա ներքին եւ, ամենից գուցե կարեւորը, արտաքին հենարան: Իսկ որ Մոսկվան հենարան չի լինի, ակնհայտ եղավ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ»: Համաձայն այս վերլուծության, հեղափոխության թերեւս ամենաբարենպաստ պայմանները գուցե կստեղծվեն աշնանը, երբ ամբողջ Հայաստանով մեկ անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ. - «Եվ մեզ մոտ այն [հեղափոխությունը], ամենայն հավանականությամբ, կունենա ուրույն գունավորում՝ ընդդեմ կլանների եւ ի պաշտպանություն Ղարաբաղի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG