Մատչելիության հղումներ

Կոնգրեսականները կոչ են արել Ջորջ Բուշին ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Ինչպես հինգշաբթի երեկոյան հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը, արդեն ավելի քան 100 կոնգրեսականներ ստորագրել են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ապրիլի սկզբին հղվելիք նամակը, որում կոչ է արվում հստակորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ապրիլի 24-ի ավանդական ուղերձում:

«Չափազանց կարեւոր է, որ մենք հարգենք զոհերի հիշատակը եւ երբեք չմոռանանք անցյալը», - ասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների պատրաստած նամակում: - «Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերին, մենք կվերահաստատենք ապագայում նման դաժանությունները կանխելու մեր պարտավորությունը եւ կբացառենք պնդումը, թե պատմությունը դատապարտված է կրկնվելու»:

Ապրիլի 24-ի կապակցությամբ անցած տարվա իր ուղերձում նախագահ Բուշը խուսափել էր օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը՝ փոխարենը օգտագործելով «մարդկության դեմ ոճրագործություն» դասագրքային ձեւակերպումը:

«Այս օրը մենք գլուխ ենք խոնարում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին բռնի տեղահանման եւ սպանդի միջոցով բնաջնջված շուրջ 1,5 միլիոն հայերի հիշատակի առջեւ», - անցած տարվա իր ուղերձում ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG