Մատչելիության հղումներ

Կառավարության այսօրվա որոշմամբ, բազային կենսաթոշակը երկրում 3000 դրամից բարձրացվեց 4000 դրամի, ուստի ապրիլի 1-ից Հայաստանի մոտ 530 հազար կենսաթոշակառուների թոշակներն ավելանում են 1000 դրամով:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում չբացառեց կենսաթոշակների հետագա բարձրացման հնարավորությունը արդեն այս տարվա ընթացքում:

«Եթե միտումները շարունակվեն, իսկ դրա բոլոր հնարավորությունները կան, ապա բացառված չէ, որ տարվա կեսին կամ երրորդ եռամսյակի ավարտին մենք նորից կանդրադառնանք [աշխատանքային] ստաժի համար չափը ավելացնելուն», - ասաց նախարարը:

Խոսքը աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար սահմանված հավելավճարի մասին է։

Նախարարը փոխանցեց նաեւ, որ շոշափելիորեն բարելավվել է սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրումը. եթե անցյալ տարվա առաջին եռամսյակում հավաքագրվել է 9,5 միլիարդ, ապա այս տարվա առաջին եռամսյակում՝ մոտ 12 միլիարդ 800 միլիոն դրամի սոցիալական ապահովագրության վճար։ Աղվան Վարդանյանը դա կապում է սոցապ վճարների գանձման գործառույթը Կենսաթոշակային հիմնադրամից Հարկային պետական ծառայությանը փոխանցելու հետ:

Նախարարը, այդուհանդերձ, գտնում է, որ գործող համակարգի դեպքում կենսաթոշակների աճի հնարավորությունները խիստ սահմանափակ են, եւ համակարգը արմատապես պետք բարեփոխվի առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում: Կառավարությունն այդ համակարգը տեսնում է «եռաստիճան կամ խառը»: Դա մոտավորապես կենսաթոշակավորման այն համակարգն է, որ արդեն ներդրվել ու առաջին քայլերն է Ռուսաստանում եւ ԱՊՀ մի շարք այլ երկրներում։

Կառավարությունը այսօր հաստատել է նաեւ սահմանամերձ երկու մարզերի՝ Գեղարքունիքի եւ Տավուշի զարգացման համալիր ծրագրերը։ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը լրագրողներին ասաց, որ այդ ծրագրերը կապակցված են Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության Միջազգային զարգացման նախարարության տրամադրած 2 միլիոն ֆունտ ստեռլինգ դրամաշնորհին։ Իսկ կառավարությունը նշված մարզերի խնդիրները լուծելու համար առաջիկա երեք տարիներին բյուջեից պատրաստվում է ծախսել մոտ 40 միլիարդ դրամ։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG