Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Արդեն մեկ տասնամյակից ավելի Հայաստանի քաղաքական դաշտում առաջ մղվող մոտեցումը ղարաբաղյան խնդրին, «168 ժամ» թերթի մեկնաբանի խտացմամբ, «քրեական կառույցների եւ քրեականացված իշխանական համակարգի տասնամյա մոտեցումն է՝ ժողովրդին վախեցնելու միջոցով սեփական բարեկեցությունը ապահովելու եւ իր անօրինական գործողությունները արդարացնելու համար»: Միաժամանակ, մեկնաբանը գնահատում է. - «Լեռնային Ղարաբաղի հարցի առկայությունը ստիպում է քաղաքական ուժերին ավելի զուսպ լինել ներքաղաքական պայքարում: Այս մեկը գոնե լավ է, այլապես, եթե ի վիճակի չեն նախաձեռնել ժողովրդավարական բարեփոխումներ, զարգացնել տնտեսությունը, գոնե «զուսպ» լինեն՝ հերթական հիմարությունները չանելու համար»: Անդրադառնալով Ազգային ժողովում ղարաբաղյան խնդրի վերջին լսումներին՝ «Առավոտ» թերթը առանձնացնում է. - «Սխալվում է մեր արտգործնախարարը` պնդելով, թե այսօր Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավորման հարցում հայկական կողմի դիրքերը ոչ պակաս բարենպաստ են, քան 1998 թվականին: Թեկուզ այդ պատճառով, որ այն ժամանակ գոնե հույս կար քննարկելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը` տարածքների դիմաց: Չէ՞ որ այս տարբերակին համաձայն են անգամ Քոչարյանն ու Օսկանյանը: Սակայն այսօր անգամ այս հեռանկարն է մեզ համար համարյա անիրագործելի»:

«Որտեղ տեղի կունենա հաջորդ հեղափոխությունը» հարցին ի պատասխան առավել հաճախ մատնանշվում է՝ «այնտեղ, ուր առաջիկայում ընտրություններ են լինելու»: «Իսկ ընտրություններ, տեղական ինքնակառավարման մարմինների, լինելու են եւ Հայաստանում», - բազմակետ է դնում այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը՝ վերլուծելով. - «Ղարաբաղյան խնդիրը, մի կողմից, հեղափոխության խթանումը զսպող գործոն է, բայց, մյուս կողմից՝ ներկայումս կարգավորման գործընթացի վիճակը հուսադրող չէ: Այնպես որ, սա էլ կարող է մղել փոփոխություններ ուզենալու»: «Գոլոս Արմենիի»-ում նաեւ ակնարկվում է. - «Եթե Միացյալ Նահանգները այդպես համառորեն հերքում է իր մասնակցությունը ղրղըզական դեպքերին, կարելի է ենթադրել, որ ճարպիկ մեկ ուրիշը որոշել է ոչ թե անհույս պայքարել հեղափոխությունների անխուսափելի շարքի դեմ, այլ պարզապես ինքը առաջ տանել դրանք»:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ ԱՊՀ տարածքում թեւածող ժողովրդավարական հեղափոխությունների ալիքի հաջորդ հանգրվանը կարող է Հայաստանը լինել: Պրյախինը նշել է, որ Հայաստանում հնարավոր չէ, որ հեղափոխության անվան տակ խանութներ թալանվեն եւ այլ վայրագություններ տեղի ունենան: «Ես գիտեմ հայ ժողովրդին, ես գիտեմ, որ դա տեղի չի ունենա: Ինչ վերաբերում է իշխանություններին, դրանք, իհարկե, փոխվում են, լինի դա քվեարկություններով, թե զանգով, թե այլ ճանապարհով, կամ պարզապես կասեն «Լեւոն, հեռացիր»»,- ասել է Պրյախինը:

«168 ժամ»-ում այսօր վերհանված է, որ պատճառներից մեկը՝ ինչո՞ւ Հայաստանում հեղափոխություն չի ստացվում, այն է, որ այստեղ «հեղափոխություն անելու կոչերով հանդես են գալիս ուժեր, որոնք իրականում ամեն ինչ անում են, որպեսզի հեղափոխություն տեղի չունենա». - «Իսկ նման ուժերի առաջամարտիկը, թերեւս, Արամ Կարապետյանի գլխավորած «Նոր ժամանակներ» կուսակցությունն է... Կարապետյանի «առաքելությունը» հենց հեղափոխությունների իմիտացիա ստեղծելն է»: Այս կուսակցության երեկվա համագումարից ուշադրություն է գրավում գործող ընդդիմության ներկայացուցիչների գրեթե իսպառ բացակայությունը եւ ընդհակառակը՝ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցչի մասնակցությունը: «Անչափ հետաքրքիր էր, որ «Օրինաց երկիր»-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանը «հաջող աշխատանք» մաղթեց նորժամանակականներին», - դիտարկում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը՝ հարց դնելով. - «Արդյո՞ք դա նշանակում է, որ «քաղաքական կոնսուլտացիաների» միշտ պատրաստ «Օրինաց երկիր»-ը դեմ չէ միանալ ազգային հեղափոխության դրոշակակիրներին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG