Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը Ազգային ժողովում Ղարաբաղյան հարցի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց, որ հակամարտության լուծումը ցավոտ է լինելու կողմերի համար:

«Խնդրի լուծումը իրոք ցավոտ է լինելու ե’ւ հայ ժողովրդի համար, ե’ւ ադրբեջանական ժողովրդի համար», - ասաց նախարարը՝ պարզաբանելով. - «Որովհետեւ փոխզիջում նշանակում է ունեցածից ինչ-որ բան զիջել: Իսկ որեւէ մեկը անցավ, կամավոր ոչինչ չի զիջում»:

Նա ուրվագեց զիջումների այն սահմանը, որոնց, իր կարծիքով, խնդրի խաղաղ կարգավորման շրջանակում կարող է գնալ հայկական կողմը: Այսպես, չնայած Լեռնային Ղարաբաղy արդեն անցկացրել է անկախության հանրաքվե, կարելի է լրացուցիչ հանրաքվե անցկացնել ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի հովանու ներքո:

«Ես կողմնակից չեմ վերադարձնելու անվտանգության գոտի կազմող տարածքները առանց մանրամասն հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության խնդիրները: Բայց, կարծում եմ, կարելի է բանակցությունների միջոցով կատարել որոշ զիջումներ` այն պայմանով, որ ադրբեջանական կողմը տա պատերազմի չվերսկսման հստակ երաշխիքներ, որոնք հաստատված կլինեն նաեւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների եւ պետությունների կողմից տրված երաշխիքներով», - ասաց նա:

Իր ելույթում Սարգսյանը կրկնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, թեեւ չբացառեց նաեւ պատերազմի վերսկսման հնարավորությունը: Եվ եթե պատերազմ լինի՝ հաղթելու ենք, եւ այդ հաղթանակը պայմանավորված է նրանով, թե «որքանով հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքական ուժերը պինդ, ամուր կպահեն բանակի թիկունքը»:

Սերժ Սարգսյանը նաեւ հավաստիացրեց, թե հարցը գաղտնի չի լուծվելու. - «Էդ հո գրիչ չի, որ գաղտնի հանես, ընկերոջդ տաս»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG