Մատչելիության հղումներ

Հայաստանը «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամին ներկայացրել է առաջարկությունների նոր փաթեթ


Հայաստանի կառավարությունը առաջարկությունների նոր, շատ ավելի համեստ փաթեթ է ներկայացրել «Հազարամյակների մարտահրավեր» հիմնադրամի շրջանակներում Միացյալ Նահանգների կառավարության կողմից անհատույց օգնություն ստանալու համար:

Չորեքշաբթի օրը Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ կառավարությունը նախատեսում է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամից ստանալ շուրջ 175 մլն ԱՄՆ գումարի չափով ֆինանսական աջակցություն:

«Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհուրդը մարտի 25-ին հավանության արժանացրեց «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագիրը, որը ս.թ. մարտի 29-ին ներկայացվեց ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամին», - տեղեկացնում է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը: - «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանի կառավարության եւ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի միջեւ կծավալվեն բանակցություններ` վերջնական համաձայնագրի ձեւավորման նպատակով»:

Անցած աշնանը հիմնադրամին ներկայացված փաթեթով Հայաստանի կառավարությունը ակնկալում էր ստանալ շատ ավելի մեծ գումարի՝ 900 մլն դոլարի աջակցություն (3 տարվա ընթացքում): Սակայն հոկտեմբերին Վաշինգտոնում ամերիկյան կողմի հետ հանդիպումներից հետո, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը ասել էր, թե Հայաստանը պետք է շարունակի բանակցությունները ծրագրի ղեկավարության հետ եւ նոր առաջարկներ ներկայացնի:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը փոխանցում է նաեւ, որ ստացվելիք աջակցությամբ «օժանդակություն կցուցաբերվի երկու ոլորտների` ոռոգման եւ համայնքային ճանապարհների ռազմավարական ներդրումների կատարմանը` երկրի գյուղական շրջաններում տնտեսական ակտիվությունը խթանելու եւ աճը արագացնելու նպատակով»:

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում, որի մասին անցած տարի հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, անհատույց օգնություն է տրամադրվելու քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների 16 ցուցիչների հիման վրա ընտրված 16 զարգացող երկրների՝ այդ թվում Հայաստանին եւ Վրաստանին:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG