Մատչելիության հղումներ

Ճապոնիան 150 միլիոն դոլարի վարկ է տրամադրում Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցմանը


Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցման նպատակով Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկը երեքշաբթի օրը 150 միլիոն դոլարի արտոնյալ վարկ հատկացրեց Հայաստանի կառավարությանը։

«ՋԷԿ-ի ջերմային հզորությունները գտնվում են ֆիզիկապես եւ բարոյապես մաշված վիճակում, եւ օգտագործման հիմնական ռեսուրսները սպառված են արդեն», - ճապոնական բանկի ներկայացուցչի հետ համապատասխան փաստաթղթի ստորագրումից հետո, գնահատելով վարկի նշանակությունը, լրագրողներին ասաց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Նա հավելեց, թե 250 մեգավատտ արտադրական հզորություն ունեցող նոր կայանը կառուցվելու է ամենաարդիական՝ փակ ցիկլով գազատուրբինային տեխնոլոգիաների հիման վրա, ինչը, թույլ կտա շատ էժան հոսանք ստանալ. մեկ կիլովատտ/ժամ հոսանքի ինքնարժեքը կկազմի 7-8 դրամ՝ 2,5-3 անգամ էժան, քան Հրազդանի ՋԷԿ-ի արտադրած հոսանքը: Միայն վառելիքի վրա էներգետիկ ոլորտը տարեկան կտնտեսի 19, 5 միլիոն դոլար։ Ըստ ծրագրի, արդիականացված Երեւանի ՋԷԿ-ը շարք կմտնի 2008 թվականի վերջին:

«Սա բավականին լուրջ տնտեսական խթան է էներգետիկայի համակարգում եւ իր ազդեցությունը կունենա, թե’ ռեժիմների, թե’ սակագների կարգավորման հարցում», - ասաց նախարարը:

Մովսիսյանը տեղեկացրեց, որ ճապոնական բանկը վերահսկելու է վարկային ծրագրի ընթացքը՝ սկսած հայտարարվող մրցույթներից մինչեւ ծրագրի ավարտը։ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան լիազոր նախարար Տեցուո Իտոն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «պայմանավորվածություն կա, որ ծրագրի իրականացումը զերծ կլինի կոռուպցիայից եւ չարաշահումներից»:

Դիտարկմանը, թե Երեւանի ՋԷԿ-ում գերարդիական ծրագրի իրագործմամբ արդո՞ք այլընտրանքային հզորություններ չեն ստեղծվում Մեծամորի ատոմակայանին՝ արագացնելով դրա փակումը, Արմեն Մովսիսյանը արձագանքեց. - «Այս ծրագրի հիմքում ոչ մի նախապայման դրված չէ, հատկապես՝ ատոմակայանի մասով»:

«Այս նոր հզորությունը [դիտարկել] որպես ատոմակայանին փոխարինող հզորություն, ուղղակի անընդունելի է», - շարունակեց նախարարը՝ ավելացնելով, որ Հայաստանի իշխանությունները Մեծամորի ատոմակայանին համարժեք այլընտրանքային հզորություն են համարում միայն նոր ատոմակայանը:

«Այո, մրցունակ սցենարը փակվող ատոմակայանը ոչ թե ջերմային կայաններով, այլ նաեւ նոր, ժամանակակից, անվտանգության այսօրվա մակարդակին համապատասխանող ատոմային բլոկներով փոխարինելն է», - հայտարարեց նա:

Նախարարը հայտնեց նաեւ, որ ներդրումներ կարվեն ու կավարտին կհասցվի նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի շինարարությունը։ Համապատասխան ներդրումային առաջարկն օրերս ներկայացրել են ռուսաստանյան «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (ՌԱՈ ԵԷՍ) եւ «Գազպրոմ» ընկերությունները։ Այդ ներդրումային ծրագրի արժեքը մոտ 70 միլիոն դոլար է:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG