Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի՝ «Այսօր տեսնո՞ւմ եք Ղարաբաղի հարցի կարգավորման հնարավորություն» հարցին ղարաբաղյան բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պատասխանում է. - «Ներկա փուլում չեմ տեսնում: Հայաստանում եւ Ադրբեջանում հիմա այնպիսի քաղաքական եւ տնտեսական վիճակ է, որ այդ երկու երկրների ղեկավարները չեն կարող փոխզիջումների գնալ»: Բաբայանի հայացքով, սակայն, որպեսզի այս տարածաշրջանը տնտեսապես զարգանա, ռազմական լարվածությունը պետք է թուլանա, եւ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի՝ ինչքան շուտ, այնքան լավ մեզ համար: «Կարծում եմ», - ասում է Սամվել Բաբայանը, - «Ադրբեջանը պատրաստվում է քայլեր ձեռնարկել ռազմական ուղղությամբ. անընդհատ փորձում է բարելավել իր մարտական դիրքերը, հրետանի եւ այլ տեխնիկա է կուտակում: Հայաստանի եւ Ղարաբաղի խնդիրն էլ այն է, որ ունենանք այնպիսի բանակ եւ տնտեսություն, որ հակառակորդը երբեւէ ախորժակ չունենա նման քայլերի դիմելու: Որովհետեւ, եթե պատերազմ սկսվի, նոր զոհեր, ավերածություններ, հաշմանդամներ լինեն՝ այնքան էլ կարեւոր չէ, թե ով է հաղթելու»:

2000թ. փետրվարին Արկադի Ղուկասյան - Սամվել Բաբայան հակամարտության ամենաթեժ շրջանում որպես Սամվել Բաբայանի կողմից վերահսկվող «Երկրապահ» կազմակերպության այլընտրանք՝ ստեղծվեց Արցախյան պատերազմի վետերանների միությունը, որի ղեկավար ընտրվեց պաշտպանության նախարարի այն ժամանակվա տեղակալ Վիտալի Բալասանյանը: Հիմա, երբ ըստ Արցախում շրջանառվող լուրերի, 2004-ի ամռանը ԼՂՀ-ում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՅԴ թեկնածուներին աջակցելու համար Վիտալի Բալասանյանը հեռացվել է պաշտոնից, հնարավորություն է առաջացել արցախյան պատերազմի վետերանների 2 կազմակերպությունները միավորել: «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում դա հաստատելով՝ Բալասանյանը նշում է. - «Մեր նպատակն է կանխել հայկական դիվանագիտության վերջին շրջանի ոչ հայանպաստ գործունեության հետեւանքները: Բայցի այդ, սահմանում վերջին շրջանում լարվածությունը ավելացել է: Ամեն օր կրակոցներ են լինում, խրամատներն իրար են մոտենում, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում: Խոսակցություններ կան, որ ամեն վայրկյան պատերազմը կարող է վերսկսել»: Ինչ վերաբերում է ԼՂՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, գեներալն ասում է. - «Եթե ժողովուրդը որոշի, որ պատերազմի մասնակիցը այժմ էլ խորհրդարանական խրամատում պետք է լինի, ուրեմն ժողովուրդը հաղթանակել է: Եթե որոշի, որ պատերազմի մասնակիցը տեղ չունի Ազգային ժողովում, ուրեմն այդ ժողովուրդը դատապարտված է»: Վիտալի Բալասանյանը «Հայկական ժամանակ»-ում նաեւ ձեւակերպել է. - «Եթե ես լինեի Սամվել Բաբայանի փոխարեն, ապա չէի խառնվի ոչ մի քաղաքական պրոցեսի: Նա առողջական լուրջ խնդիրներ ունի, թող զբաղվի առողջությունը վերականգնելով, լուծի ընտանեկան հարցերը: Սամվել Բաբայանի հրատապ քաղաքական դաշտ մտնելը ես սխալ եմ համարում»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի կարծիքով, եթե իշխանափոխությունը Ադրբեջանում տեղի ունենա ավելի շուտ, քան Հայաստանում, դա վտանգավոր կլինի Ղարաբաղի համար: Նա, սակայն, համոզված է, որ Հայաստանում իշխանափոխությունը Ադրբեջանից շուտ է լինելու, որովհետեւ «Հայաստանն անկանխատեսելի երկիր է դարձել»: «Հայաստանում այդ պրոցեսները կարող են հասունանալ ընդամենը 2-10 օրում, ընդամենը մի փոքր առիթ է հարկավոր», - «Առավոտ»-ի հարցազրույցում հավաստիացնում է նախկին վարչապետը:

«Պետք է ասել այն մարդկանց, ովքեր որպես «Հայր մեր» կրկնում են Հայաստանն ուրիշ է, Հայաստանում հեղափոխություն չի լինելու, որ Հայաստանում էլ ուրիշ ձեւով է դա լինելու, բայց հաստատ լինելու է», - «Իրավունք» թերթում համադրում է Հայաստանի սոցիալիստական ուժերի միության քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանը: - «Ուկրաինայում եւս ուրիշ էր. այնտեղ այնպիսի մաֆիոզ խմբավորումներ կան, որոնցից միայն մեկի կարողությունը գերազանցում է Հայաստանի նման բոլոր խմբավորումների կարողությանը: Նրանց զինված խմբավորումները հայաստանյան իրենց «կոլեգաների» զինված խմբավորումներից ավելի հզոր էին, բայց չկարողացան իրենց դրածո Յանուկովիչին նախագահ դարձնել»:

Ապրիլի 11-ին սկսվելիք քառօրյայի ընթացքում, ըստ ամենայնի, պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը կձեռնարկի իր հերթական ստորագրահավաքը՝ այս անգամ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելու համար Սահմանադրական դատարանից եզրակացություն ստանալու հարցով: Ստորագրահավաքը պայմանավորված կլինի ապրիլի 2-ից մեկնարկող ընդդիմության գործողություններով, որոնք ծրագրված է կուլմինացիայի հասցնել ապրիլի 13-ին: Ինչպես փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը, այդ օրը կառավարության նիստերի դահլիճում ընդդիմությունը կնշի ապրիլյան բռնարարքների մեկամյակը, եւ նույն օրը գլխավոր դատախազության, նախագահական նստավայրի եւ ԱԺ-ի մոտ տեղի կունենան զանգվածային պիկետներ:

Անցած շաբաթվա իրադարձություններից «Հայոց աշխարհ» թերթի խմբագիրը հիշարժան է համարում հատկապես պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի կազմակերպած կոալիցիայի թաղումը խորհրդարանում: «Մյուս պատգամավորների գործողություններն անհուսալիորեն հնաբույր են եւ առաջացնում են միայն խրուշչովյան ժամանակների մասին հիշողություն», - արժեվորում է խմբագիրը՝ եզրափակելով. - «Հուսով ենք, որ ծաղկեպսակներ պատգամավորն ավելի հաճախ կբերի խորհրդարան։ Քանզի, ինչպես հայտնի է, ներկայացումը պատրաստ է միայն այն ժամանակ, երբ այն խաղացել են հիսուն անգամ»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG