Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ, իշխող Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ նախկին խորհրդային տարածքում տեղի ունեցող հեղափոխական գործընթացները Հայաստանին չեն սպառնում, քանի որ Հայաստանում «այդպիսի իրավիճակ» չկա:

«Մենք աշխատում ենք, որ [հեղափոխական ալիքը] չհասնի ընդհանրապես, որովհետեւ Հայաստանում այդպիսի իրավիճակ չկա, ինչպես հարեւան երկրներում էր կամ վերջին շրջանում Միջին Ասիայում տեղի ունեցած իրադարձությունները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Անդրանիկ Մարգարյանը՝ հավաստիացնելով, որ Հայաստանում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները կանցնեն «ժամանակին եւ օրինական»: - «Գոնե Հանրապետական կուսակցությունը իր գործունեությամբ դա ցանկանում է ապահովել»:

Վարչապետի խոսքերով, թեեւ ժողովրդավարությունը Հայաստանում զարգանում է «ոչ ամեն ինչը մեր ուզածի նման», տարբերությունը, այդուհանդերձ, «հսկայական է»: «Տնտեսության հետ կապված խնդիրներ մենք չունենք: Տարածաշրջանային խնդիրներ կան, որոնք այսօր չեն առաջացել. դա Արցախի խնդիրն է, եւ դրա լուծման ուղիները փնտրվում են պետության կողմից», - շարունակեց նա՝ եզրահանգելով. - «Այնպես որ, այնպիսի հիմնավոր պատճառներ, որ ժողովուրդը դուրս գա, իշխանություն փոխի, դրանից հետո էլ վայրենություններ անի, ջարդուփշուր անի... մեր մոտ չի լինի»:

Արտաքին ուժերը, վարչապետի կարծիքով, իհարկե, կփորձեն ազդել ներքաղաքական գործընթացների վրա: Առանց մանրամասնելու, թե արտաքին ինչ ուժերի մասին է խոսքը՝ Անդրանիկ Մարգարյանը համոզմունք հայտնեց, որ այդ ուժերը եւս որեւէ վտանգ չեն ներկայացնում հայաստանյան իշխանությունների համար:

«Իշխանությունները ուժեղ են, ընդդիմությունն էլ, իմ կարծիքով, այնպիսի քայլերի չի գնա, որ մեր պետության անվտանգությունը՝ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին, հարցականի տակ դրվի», - փաստարկեց նա:

Ազգային ժողովում «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցութունը քաղաքական խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ երկրում ժողովրդավարության հաստատման, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ՝ հարուցելով կոալիցիոն գործընկերների՝ Հանրապետականի եւ Դաշնակցության դժգոհությունը: Վերջիններիս խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները անհասկանալի են համարել նման խորհրդակցությունների անհրաժեշտությունը՝ փաստարկելով, թե երկրում իրավիճակը լարված չէ եւ մոտ ապագայում էլ համապետական ընտրություններ չեն նախատեսված:

Այս կապակցությամբ վարչապետը ասաց, թե նախ այդ հարցը պետք է քննարկվի կոալիցիայի խորհրդի նիստում:

Վարչապետը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց Եռաբլուրում, ուր այցելել էր Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմին: Նավասարդյանի ծննդյան օրվա կապակցությամբ Եռաբլուր էին եկել նաեւ ՀՀԿ-ի ղեկավար անդամներ, կուսակցությունը կառավարությունում ներկայացնող նախարարներ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG