Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Կրկին շեշտադրելով, որ Ռուսաստանի նախագահի ներկա այցը Հայաստան հայկական կողմը կարողացել է ի վերջո հաջողացնել մեծ դժվարություններ հաղթահարելով, «Հայկական ժամանակ» թերթն ակնարկում է, որ դա հիմա ստացվեց, որովհետեւ արդեն հենց Պուտինին էր պետք աշխարհաքաղաքական հայտնի զարգացումների այս փուլում եւս մեկ անգամ հավատարմության երդում ստանալ Հայաստանից եւ արգելակել Հայաստանով Ռուսաստանը շրջանցող խոշոր գազամուղի կառուցման ծրագիրը: «Այբ-Ֆե» թերթի բնորոշմամբ՝ հայ դիվանագիտական միտքը այդպես էլ Ձորի Միրոյի մակարդակից այն կողմ չանցավ. - «Անկախ մեր պետական այրերի տարաբնույթ ձեւակերպումներից, գործնականում կիրառում ենք միայն «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսը: Հերթական անգամ աշխարհում նոր զարգացումներ են, եւ մենք հերթական անգամ չենք ընկալում փոփոխությունների էությունը»: «Հիմա արդեն զարգացումների վճռական փուլն է, որի ընթացքում Ռուսաստանի նախկին գաղութները վերջնականապես ազատվելու են նախկին տիրոջ ազդեցությունից... Փաստորեն միայն Հարավային Կովկասում, այն էլ միայն իր ֆորպոստ Հայաստանի շնորհիվ, Ռուսաստանը կշարունակի պահպանել նախկին ազդեցությունը», - առանձնացնում է «Այբ-Ֆե»-ն: - «Մենք փաստորեն վերածվում ենք օտար մարմնի, համաշխարհային զարգացումներն արգելակող օղակի, վերածվում ենք այս տարածաշրջանում այլ անվտանգության համակարգի կցորդի: Այդքանից հետո չպետք է զարմանալ, եթե տարածաշրջանի այլ պետությունները մեզ լավ չընդունեն»:

«Ճակատագրի հեգնանքով գրեթե միաժամանակ Մոսկվայում էլ հռչակվել է Ադրբեջանի տարի, որն ուղեկցվելու է համապատասխան միջոցառումներով: Այսինքն, գրեթե ակնհայտորեն ի ցույց է հանվում այն, որ Ռուսաստանը «ռազմավարական գործընկեր» Հայաստանին վերաբերում է նույնպես, ինչպես «ռազմավարական գործընկեր» լինելուց շատ հեռու գտնվող Ադրբեջանին», - համադրում է այսօր «Իրավունք» թերթը: Այստեղ նաեւ շաղկապված է. - «Ռուսաստանն արդեն կուտակել է շոշափելի դառը փորձ ԱՊՀ տարբեր երկրներում ժողովրդականություն չվայելող առաջնորդներին աջակցելու առումով, մինչդեռ ամբողջ ընթացքը ցույց է տալիս, որ այդպիսի առաջնորդները դատապարտված են տապալման: Թերեւս դա էր պատճառը, որ պաշտոնական Մոսկվան բավականին զգուշավոր մոտեցում դրսեւորեց Ղրղըզստանի հեղափոխական իրադարձությունների հանդեպ: Այդ փորձը եւ ամբողջ հետխորհրդային տարածքում տիրող անխուսափելի միտումները պետք է որ մղեն Պուտինին այնպիսի վարքագծի, որը երեւանյան այցի ընթացքում դժվար լինի մեկնաբանել որպես աջակցություն Քոչարյանին»: «Իրավունք»-ում զարգացվում է այն վարկածը, որ ե’ւ Վաշինգտոնը, ե’ւ Մոսկվան, «իմանալով հանդերձ, որ Քոչարյանի վարչախումբը դատապարտված է, այնուամենայնիվ չեն շտապում արագացնել դրա տապալումը՝ ձգտելով մինչ այդ սովորական եւ որոշ դեպքերում բավականին պարզունակ շանտաժի միջոցով նրանից կորզել առավելագույն զիջումներ»: «Դա հասկանում է նաեւ Քոչարյանը, եւ նրան թերեւս այլ ելք չի մնում, քան վերադարձ «վերեւից իրագործվող հեղափոխության» գաղափարին, ինչն իր հերթին անհնար է առանց խորհրդարանական արտահերթ ընտրությունների», - վերլուծվում է «Իրավունք»-ում եւ դրա հետ է կապվում, որ «գրեթե բոլոր հեռուստաալիքները արդեն բավականին տեւական ժամանակ է՝ լծված են Ազգային ժողովը հանրության աչքերում «փչացնելու» գործին»:

Անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի ռազմատենչ ճարտասանությանը՝ «Երկիր» թերթի մեկնաբանը կրկին ընդգծում է. - «Բաքուն երբեք չի դիմի արմատական գործողությունների՝ առանց միջազգային հանրության պաշտպանության: Բաքվի դիրքորոշման խստացումը տեղի ունեցավ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի մասին հայտնի բանաձեւի ընդունումից հետո, որտեղ շեշտադրվում է տարածքային ամբոջականության սկզբունքի գերակայությունը»: Միաժամանակ, ադրբեջանական ընդդիմությունը բավականին ակտիվացել է. առաջիկա խորհրդարանական ընտրությունները այնտեղ լինելու են բավականին թեժ, եւ, «Երկիր»-ի կապակցմամբ՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ «ժողովրդական զանգվածներին ներքին գործընթացներից շեղելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները այդ ժամանակահատվածում չեն ձեռնարկի որեւէ գործողություն ղարաբաղյան հակամարտության գոտում»:

«Հայոց աշխարհ» թերթում այսօր որպես հրատապ մտահոգություն ուրվագծված է հետեւյալ ընթացքը. - «Հայաստանցի - ղարաբաղցի հակաթեզի ձեւավորման հողի վրա քիչ անց՝ հենց նույն «հայաստանցիների» ներսում, սկսեցին առանձնանալ «արարատցիները»՝ որպես «ղարաբաղցիների» հակակշիռ, հետո նրանց փորձն ընդօրինակեցին գյումրեցիները, ապարանցիները, լոռեցիները եւ այլն: Այսպիսով, համազգային միասնության խորհրդանիշը հանդիսացող հայրենիքի գաղափարի հակադրումը պետականության գաղափարին, հանգեցրեց նրան, որ մենք ունեցանք ոչ թե քաղաքացիական գիտակցություն, այլ ընդհակառակը՝ հետեւողականորեն քայքայեցինք այդ գիտակցության հիմքերը՝ հայաստանցի-ղարաբաղցի-արարատցի-ապարանցի-մարտունեցի եւ այլ ցի-ների երկար շղթայի միջոցով»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG