Մատչելիության հղումներ

«Փաստահավաք առաքելության զեկույցը չի արտացոլում հումանիտար աղետի ամբողջական պատկերը»


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հինգշաբթի օրը հայտարարություն է տարածել մարտի 17-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ներկայացված ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցի կապակցությամբ:

Հաստատելով ԵԱՀԿ առաքելության հաշվետվության օբյեկտիվությունը՝ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը միաժամանակ նշում է, թե առաքելության աշխատանքն ընդգրկել է միայն այն տարածքները, որոնք զինադադարից հետո վերահսկվում են ԼՂՀ-ի կողմից:

«Զեկույցը չի արտահայտում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված պատկերի ամբողջականությունը, երբ ավելի քան 500 հազար հայ փախստական է դարձել՝ կորցնելով ունեցվածքը եւ հավատն ապագայի հանդեպ», - ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, թե Ղարաբաղի իշխանություններն իրենց պատասխանատու են համարում այդ մարդկանց ճակատագրի համար եւ ջանք չեն խնայելու նրանց իրավունքների վերականգնման, ապագայում՝ նաեւ կորուստների փոխհատուցման համար:

«Արտգործնախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը հետեւել Արցախին հումանիտար, ֆինանսական եւ այլ օգնություն տրամադրող ԱՄՆ-ի եւ Հայաստանի օրինակին եւ արձագանքել այն մարդկանց հումանիտար կարիքներին, ովքեր տուժել են Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումների, լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով»:

Չնայած ԼՂՀ իշխանություններն արձագանքել են Հայաստանի արտգործնախարարության համապատասխան խնդրանքին, ընդունել եւ անհրաժեշտ տեխնիկական աջակցություն են ցուցաբերել ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը, վերջինիս հաշվետվության ներկայացման ժամանակ ներկա լինելու Ղարաբաղի իշխանությունների դիմումը չբավարարվեց: Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը իր դիմումից հետո ԵԱՀԿ-ից ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

«ԼՂՀ-ի արտգործնախարարությունը ընդգծում է ԼՂՀ իշխանությունների ու ժողովրդի բոլոր վիճելի հարցերի խաղաղ կարգավորման հաստատակամությունը` այս համատեքսում մեծապես գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խնբի համանախագահների եւ միջազգային հանրության խաղաղարար ջանքերը»,- նշվում է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG