Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում բախումների արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ


Ղրղըզստանում երկրորդ օրը շարունակվող անկարգությունների արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ: Ըստ որոշ տեղեկությունների, զոհերի թիվը հասնում է 5-ի, 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Հինգշաբթի օրը իրադարձությունները Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում զարգանում էին կայծակնային արագությամբ: Այն բանից հետո, երբ ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ Բիշքեկում գրավեցին կառավարության շենքը, որտեղ գտնվում է նաեւ նախագահ Ասկար Ակաեւի նստավայրը, իշխանությունը անցավ ընդդիմության ձեռքը: Զինվորականները եւ ոստիկանները գրեթե դիմադրություն ցույց չտվեցին եւ հեռացան շենքից՝ հայտարարելով, որ ուժ չեն կիրառի ցուցարարների դեմ:

Հինգշաբթի օրը նախկին խորհրդարանն իր նիստը ավարտեց երկրի նոր՝ ժամանակավոր իշխանության նշանակմամբ: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Բիշքեկից հայտնում է, թե Կուրամբեկ Բակիեւը կրկին նշանակվել է վարչապետ՝ հրաժարական ներկայացրած Նիկոլայ Տանաեւի փոխարեն: Խորհրդարանը երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Իսեմբայ Կադիրբեկովին:

Ղրղըզստանի նախագահ Ասկար Ակաեւը հրաժարական չի ներկայացրել, եւ նրա գտնվելու վայրը առայժմ հայտնի չէ: Չեն հաստատվել լուրերը, թե նա գտնվում է Ղազախստանում: Միացյալ Նահանգներում Ղրղըզստանի դեսպանը հայտնել է. - «Ակաեւը ապահով վայրում է եւ հրաժարական չի ներկայացրել»:

Միջազգային հանրությանն այժմ հետաքրքրում է, թե արդյո՞ք ընդդիմությունը վերահսկում է իրավիճակը Ղրղըզստանում: Նախորդ օրը բանտից ազատված ընդդիմության առաջնորդներից նախկին ներքին գործերի նախարար Ֆելիքս Կուլովը հայտարարել է. - «Մենք կփորձենք Բիշքեկում կարգուկանոն հաստատել, թեեւ հասկանում եք՝ ես հինգ տարի բանտում էի եւ կտրված էի բոլոր խնդիրներից եւ անվտանգության ուժերից ու անձնակազմից»:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հայտնում է, թե Բիշքեկում անցած գիշեր թալանվել են այն խանութները եւ շենքերը, որոնք հայտնի էին իբրեւ Ակաեւի կամ նրա բարեկամների սեփականություն:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG