Մատչելիության հղումներ

Հինգշաբթի երեկոյան երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիկնոջ հետ:

Ուրբաթ օրը տեղի կունենա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը, որից հետո նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նախագահները կմասնակցեն նաեւ հայ եւ ռուս պաշտոնյաների հանդիպումներին, իսկ ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը ներկա կգտնվեն Հայաստանում Ռուսաստանի տարվա մեկնարկի առթիվ Ազգային Օպերայի դահլիճում կայանալիք հանդիսավոր արարողությանը:

Մեջբերելով Կրեմլի իր աղբյուրները, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, թե բանակցությունների ընթացքում շեշտը դրվելու է տնտեսական հարցերի, հատկապես՝ էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա:

Սպասվում է, որ հայկական կողմը կբարձրացնի Ռուսաստանին շուրջ 100 միլիոն դոլար պետական պարտքի մարման վերաբերյալ 2002 թվականին ստորագրված «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրի իրագործման հարցը: Հայաստանի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, թե Ռուսաստանը դանդաղեցում է համաձայնագրով պարտքի դիմաց իրեն փոխանցված 5 հայկական ձեռնարկությունների վերագործակումը:

Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը կարող են քննարկել նաեւ բրիտանական ընկերության կողմից «Հայաստանի բաշխիչ ցանցեր»-ը «Ռուսաստանի միավորված էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) ձեռնարկությանը վաճառելու խնդիրը, որին մինչ այժմ դեմ էր Հայաստանի կառավարությունը՝ պատճառաբանելով, թե ռուսաստանյան էներգահոլդինգը առանց այն էլ վերահսկում է Հայաստանի էներգիա արտադրող հզորությունների զգալի մասը:

Բանակցությունների ընթացքում հնարավոր է նաեւ անդրադարձ Հայաստանը Իրանին կապող գազատարի կառուցման խնդրին: Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը, որը Հայաստանի բնական գազի միակ մատակարարն է, ձգտում է ստանալ բացառիկ իրավունք՝ էներգիա արտադրելու համար օգտագործել իրանական գազը: «Գազպրոմ»-ը եւ ՌԱՕ ԵԷՍ-ը հույս ունեն այդ նպատակով օգտագոծել Հրազդանի ՋԷԿ-ը:

«Սա, միանշանակ, լուրջ մտահոգությունների խնդիր է Ռուսաստանի համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը, - «Ռուսաստանը, այդուհանդերձ, կարող է փորձել այդ գազատարը ներառել Հայաստանում իր էներգետիկ հզորությունների մեջ»:

Հայաստան ռուսաստանյան գազի մատակարարումը զգալի մաս է կազմում երկու երկրների ապրանքաշրջանառության մեջ, որը վերջին տարիներին անընդհատ նվազում էր: Անցյալ տարի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել էր 13 տոկոսով՝ կազմելով 250 միլիոն դոլար, ինչը Հայաստանի արտաքին առեւտրի 12,5 տոկոսն է միայն: 2004 թվականի օգոստոսին Պուտին-Քոչարյան հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը իր մտահոգությունն էր հայտնել այդ կապակցությամբ:


Արմեն Զաքարյան եւ Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG