Մատչելիության հղումներ

Մաքսային կոմիտեն պայթյունը պայմանավորում է ստվերային տնտեսության դեմ իրականացվող պայքարի ակտիվացմամբ


Հայաստանի մաքսային պետական կոմիտեի լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել այսօր առավոտյան կոմիտեի վարչական շենքի դիմաց տեղի ունեցած պայթյունի առնչությամբ՝ միջադեպը պայմանավորելով ստվերային տնտեսության դեմ իրականացվող ակտիվ պայքարով:

«Կոմիտեի ղեկավարությունը միջադեպը պայմանավորում է այս տարվա սկզբից ստվերային տնտեսության դեմ իրականացվող պայքարի ակտիվ միջոցառումներով, ինչպես նաեւ մաքսային վարչարարության խստացմամբ», - ասված է հայտարարության մեջ:

Պայթյունը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 10-ի սահմաններում: Պայթուցիկը տեղադրված է եղել փողոցը երիզող ծառերից մեկի բնի մոտ անմիջապես շենքի մուտքի դիմաց, որտեղ սովորաբար կայանում է մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի ավտոմեքենան: Ավետիսյանը շենք էր մտել պայթյունից ընդամենը մի քանի րոպե առաջ:

Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը լրագրողների ասաց, որ պայթյունի հետեւանքով թեթեւ վնասվածքներ են ստացել մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արթուր Աֆրիկյանը եւ Ավետիսյանի վարորդը, որոնք բուժօգնություն են ստացել «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Փաստի առիթով հանրապետության գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ պետական, քաղաքական, հասարակական գործչի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով: Ստեղծվել է համատեղ քննչական խումբ դատախազության, ազգային անվտանգության եւ ոստիկանության ուժերով:

Դեպքի առնչությամբ իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը կատարվածը բացահայտելու համար:

Կառավարության նիստում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դատապարտելով երեւույթը՝ ընդգծել է, որ եթե ահաբեկման այդ փորձն ուղղված է պետական բյուջեի մուտքերն ապահովող մարմինների՝ մաքսային կոմիտեի, հարկային ծառայության ընթացիկ գործունեության դեմ, որոնք զգալիորեն ակտիվացրել են ջանքերը ստվերային տնտեսության դեմ պայքարում, ապա նման գործողության հեղինակները պետք է հստակ իմանան, որ պետական այդ մարմինները շարունակելու են նույնպիսի հետեւողականությամբ իրականացնել հանրապետության նախագահի եւ կառավարության կողմից իրենց առջեւ դրված հանձնարարականները:

«Որեւէ մեկը չպետք է հույս ունենա, թե նմանատիպ քայլերով երբեւէ կարող է խոչընդոտել վերոհիշյալ մարմինների աշխատանքը», - ասել է Անդրանիկ Մարգարյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG