Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Քանի դեռ շարունակվում է օկուպացիան, բնակեցման հարցի լուծումը անհնար է»


«Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ԵԱՀԿ փաստահավաք առաքելության գործունեության հենց սկզբից ասել էին ԵԱՀԿ համանախագահներին, թե իրենք իրոք խրախուսում են Լաչինում նոր բնակավայրերի ստեղծումը», - ադրբեջանական ANS գործակալության
հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Պատասխանելով «ապօրինի» վերաբնակիչների՝ (մասնավորապես Լաչինի շրջանից) իրենց նախկին բնակավայրերը վերադառնալուն վերաբերող հարցին, Մերզլյակովը ասել է, թե խնդիրը կարող է լուծվել միայն հակամարտության կարգավորման շրջանակներում:

«Քանի դեռ գոյություն ունի օկուպացիան եւ այդ տարածքները գտնվում են հայկական, այլ ոչ թե ադրբեջանական զինված ստորաբաժանումների հսկողության տակ, անհնար է ամբողջությամբ լուծել վերաբնակեցման խնդիրը: Քանի դեռ զորքերը դուրս չեն բերվել այդ տարաքներից, հնարավոր չէ խնդիրը լուծել «ովքեր այնտեղ չեն եղել՝ թող դուրս գան» սկզբունքով», - նշել է ռուսաստանցի դիվանագետը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը վերահաստատել է, որ փաստահավաք առաքելությունը չի հայտնաբերել փաստեր, որոնք կվկայեին, թե Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների վերաբնակեցումը Հայաստանի կառավարության կողմից տավող հետեւողական քաղաքականության արդյունք է:

Միեւնույն ժամանակ, փաստերը վկայում են, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները աջակցում են որոշ շրջանների վերաբնակիչներին: Համանախագահները, ըստ Մերզլյակովի, չեն որոշել՝ ինչ չափով են Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները համագործակցում այս հարցում:

Ինչ վերաբերում է Լաչինի շրջանի վերաբնակեցմանը, փաստահավաք առաքելության տվյալներով, Լաչինի ամբողջ շրջանում բնակվում է ոչ ավելի, քան 8000 մարդ: Մինչդեռ ադրբեջանական կողմը պնդում էր ավելի քան 13 հազար վերաբնակիչների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG