Մատչելիության հղումներ

Հովիկ Հովեյան. - «Պարում են անգամ նրանք, ովքեր որ պիտի չպարեին»


Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը չորեքշաբթի հերթական անսպասելի հայտարարությունն արեց, թե ներկայումս Հայաստանում պարելու հանդեպ սերը գալիս է նաեւ սոցիալական վատ պայմաններից:

Պետական մանկավարժական համալսարանում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ բարձրացվեց նաեւ պարարվեստի լիցենզավորման հարցը: Համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչը դժգոհեց, որ այսօր Հայաստանում գործող 600 պարային համույթներ կան, իսկ իրենց շրջանավարտ պարուսույցները գործազուրկ են մնում:

Համաձայնելով այդ դիտարկմանը, մշակույթի նախարարը կարծիք հայտնեց, թե պարելու հանդեպ սերը գալիս է նաեւ սոցիալական վատ պայմաններից:

«Ամբողջ հանրապետությունը պարում է այսօր: Պարում են անգամ նրանք, ովքեր որ պիտի չպարեին», - ասաց Հովեյանը՝ առանց մասնավորեցնելու:

Պարզ չէ, թե արդյո՞ք նախարարը ակնարկում էր նաեւ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ գալիս մայիսի 28-ին Արագած լեռան շուրջ կազմակերպվող շուրջպարը:

Մանկավարժական համալսարանում հանդիպումը Հովեյանի եւ «Օրինաց» երկիր» կուսակցությունը ներկայացնող կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հետ նպատակ ուներ պարզաբանել բուհական կրթության ոլորտում ընթացող բարեփոխումները:

Մանկավարժական համալսարանն այն բուհերից է, որը դեռ չի անցել բուհական կրթության ո’չ երկաստիճան, ո’չ էլ կրեդիտային համակարգերին: Սերգո Երիցյանը զգուշացրեց, որ շատ ձգձգել չի կարելի, քանի որ 2010-ին Հայաստանը պետք ավարտի կրթական բարեփոխումների գործընթացը:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG