Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ընդհանուր առմամբ դրական է գնահատում ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցը


Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, երեկ երեկոյան տարածած հայտարարությամբ երկրի արտգործնախարարությունը գոհունակություն է հայտնել, որ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության՝ այս ամիս ավելի վաղ հրապարակած զեկույցում «տարածքների բնակեցման մասին բերված թվային տվյալները մոտ են ադրբեջանական կողմի ներկայացրած տվյալներին»:

«Ադրբեջանը պնդում էր, թե Ղարաբաղին հարող տարածքներում վերաբնակեցվել են 20-23 հազար հայեր, իսկ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության տվյալներով, նրանց թիվը անցնում է 17 հազարից», - ասված է հայտարարության մեջ: - «Մեզ համար անհասկանալի եւ հիմնազուրկ է փաստը, որ զեկույցից դուրս է մնացել Ղարաբաղին հարող տարածքների բնակեցման հարցում Հայաստանի դերի մասին դրույթը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելության զեկույցի առիթով մարտի 17-ին հայտարարության մեջ, մինչդեռ, Հայաստանի արտգործնախարարությունը նշել էր, թե, ըստ ադրբեջանական պնդումների վերաբնակիչների թիվը տատանվում է 30.000-ի եւ 300.000-ի միջեւ:

«Հայաստանը վստահ է, որ փաստահավաք առաքելության զեկույցի ամենակարեւոր արդյունքն այն է, որ զեկույցը հերքեց Ադրբեջանի մեղադրանքները», - նշված էր զեկույցի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Թուրան» գործակալությունը այսօր հաղորդում է, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը զեկույցում «բացասական պահեր» է տեսնում: Նրա կարծիքով, ապագայում հայերը կփորձեն «օրինականացնել» այդ վերաբնակեցումները եւ հակամարտության կարգավորման դեպքում պահանջել փոխհատուցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG