Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահ Ասկար Ակաեւը երեքշաբթի օրը երկրի ընդդիմությանը մեղադրել է իսլամական ծայրահեղականների հետ կապերի մեջ եւ հայտարարել, թե «հեղափոխությունը» մշակվել եւ ֆինանսավորում է դրսից, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի վաճառքով զբաղվող հանցախմբերի կողմից: Լրատվամիջոցները փոխանցում են որոշ դիտորդների կարծիքը, թե Ակաեւը պատրաստ է ընդդիմության դեմ ուժ կիրառել:

Չորեքշաբթի օրը Ակաեւը զբաղեցրած պաշտոններից ազատել է Ղրղըզստանի ներքին գործերի նախարարին եւ գլխավոր դատախազին՝ փոխարինելով «ավելի հավատարիմ մարդկանցով»:

Իսկ երկրի հարավում գտնվող Օշ եւ Ջալալ-Աբադ քաղաքներում վերահսկողություն սահմանած ղրղըզական ընդդիմությունը, որը միավորվել է «Ազգային միասնություն» կոալիցիայի մեջ, պատրաստվում է հանրահավաք անցկացնել մայրաքաղաք Բիշկեկում: Իրավապահ մարմինները հայտարարել են, թե «իրավակարգի խախտման ցանկացած դեպք վճռականորեն կկանխվի»:

Հուզումները Ղրղըզստանում սկսվել են մարտի 13-ից՝ խորհրդարանական ընտությունների երկրորդ փուլի արդյունքները հրապարակելուց հետո: Ղրղըզստանի խորհրդարանի 75 տեղերի համար պայքարում էին մոտ 400 թեկնածու: Ըստ Ղրղըզստանի ԿԸՀ-ի, ընտրվածների բացարձակ մեծամասնությունը՝ մոտ 90 տոկոսը, իշխանամետ կամ չեզոք պատգամավորներ են: Պատգամավոր են ընտրվել նաեւ Ասկար Ակաեւի որդին եւ դուստրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG