Մատչելիության հղումներ

Մայիսի 1-ից կբարձրացվեն խմելու ջրի սակագները


Երեքշաբթի օրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գրեթե 40 տոկոսով բարձրացրեց խմելու ջրի սակագները. մայիսի 1-ից դրանք կազմելու են մայրաքաղաքում 125 դրամ 10 լումա, իսկ մարզերի մեծամասնությունում՝ 140 դրամ մեկ խորանարդ մետրի համար:

Հանձնաժողովին հայտով դիմել էին «Երեւանի ջրմուղ-կոյուղի» եւ «Հայջրմուղ-կոյուղի» ընկերությունները: Դրանց հայտերը բավարարվեցին մասնակիորեն:

«Երեւանի ջրմուղ-կոյուղի»-ն խնդրել էր ներկայումս գործող 90 դրամ սակագինը դարձնել 187 դրամ, իսկ «Հայջրմուղ-կոյուղի»-ն 100 դրամի փոխարեն խնդրել էր սակագինը սահմանել 183 դրամ:

80-օրյա ուսումասիրություններից եւ այսօրվա քննարկումներից հետո Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց մայիսի 1-ից բարձրացնել խմելու ջրի, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման համար սակագինը: Ըստ այդմ՝ ջրահեռացում ունեցող ջրօգտագործողների համար սակագինը մայրաքաղաքում հաստատվեց 125 դրամ 10 լումա մեկ խորանարդ մետր ջրի դիմաց, իսկ մարզերում (բացի Շիրակի եւ Լոռու մարզերից, որտեղ սակագները առանձին էին քննարկվել ու բարձրացվել)՝ 140 դրամ: Ջրահեռացում չունեցողների համար այդ ծառայության գինը կհանվի սակագնից:

Հայտեր ներկայացրած ջրամատակարար ընկերությունները սակագնի բարձրացումը հիմնավորում են համակարգի մաշվածությամբ եւ դրա շահագործման բարձր ծախսերով:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG