Մատչելիության հղումներ

Փաստաբանական պալատի նախագահի ընտրությունների արդյունքները բողոքարկվելու են դատարանում


Անցած կիրակի տեղի ունեցած Փաստաբանական պալատի նախագահի ընտրությունների արդյունքների հետ համաձայն չէ փաստաբանների մի ստվար խումբ: Նրանք հիմա քննարկում են մոտ օրերս դատարան ներկայացվելիք հայցը:

Անցած հունվարից ուժի մեջ մտած «Փաստաբանների մասին» նոր օրենքով մինչեւ այժմ գործող ՀՀ փաստաբանների միությունը եւ Փաստաբանների միջազգային միությունը միավորվելով պետք է ձեւավորեին Փաստաբանական պալատը: Մարտի 19-20-ը անցկացված փաստաբանների ընդհանուր ժողովի ավարտին՝ կիրակի երեկոյան տեղի ունեցան նոր պալատի ղեկավար մարմինների՝ այդ թվում նախագահի ընտրությունները: Հաշվիչ հանձնաժողովը քվեարկության արդյունքներն ամփոփեց երկուշաբթի: Ըստ այդմ՝ 7 ձայնի առավելությամբ Փաստաբանական պալատի նախագահ է ընտրվել ՀՀ փաստաբանների միության նախագահի տեղակալ Ենոք Ազարյանը:

Ազարյանի մրցակից, փաստաբան Ռուբեն Սահակյանը եւ նրա կողմնակիցները պնդում են, թե քվեարկությունն անցել է մի շարք խախտումներով: Բացի այդ, նրանց կարծիքով, տեղ է գտել նաեւ «Փաստաբանների մասին» օրենքի խախտում: Ըստ հաշվիչ հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության, երկրում արտոնագրված 435 փաստաբաններից քվեարկությանը մասնակցել է 363-ը: Նույն արձանագրության համաձայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը փոխանցեց փաստաբան Արգիշտի Կիվիրյանը, Ռուբեն Սահակյանը ստացել է 174 ձայն, իսկ Ենոք Ազարյանը՝ 181 ձայն: 6 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, եւ երկու փաստաբան քվեարկել է «Բոլորին դեմ»: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք 363-ի պարզ մեծամասնությունը, որ, ըստ օրենքի, անհրաժեշտ է ընտրվելու համար, չի կազմում կազմում է 182 ձայն, Կիվիրյանը պատասխանեց. - «Դո’ւք ասացիք»:

Բոլոր դեպքերում, խնդիրը իրավական լուծում է պահանջում, ուստի վերջնական որոշում այս հարցում կարող է ընդունել միայն դատարանը՝ հաշվի առնելով նաեւ, որ Սահակյանի կողմնակիցների պնդմամբ, քվեարկությունը անցել է բազմաթիվ խախտումներով: Արգիշտի Կիվիրյանը ներկայացրեց այդ խախտումներից մի քանիսը. քվեարկությանը մասնակցել են «փաստաբանների որակավորման բարձրացման քննությանը չմասնակցած» փաստաբաններ, քվեարկությունը մեկ ժամով դադարեցվել է, ինչի արդյունքում շատերը չեն կարողացել մասնակցել դրան:

Ներկայումս Ռուբեն Սահակյանը եւ իր համախոհները շարունակում են քննարկումները դատարան ներկայացվելիք հայցի շուրջ, եւ, Արգիշտի Կիվիրյանի փոխանցմամբ, հայցը կներկայացվի «մոտակա օրերին»:

Փաստաբանների պալատի ղեկավար մարմինների ընտրությունների անցկացման կազմակերպչական հարցերի պատասխանատուն Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունն էր, որի ներկայացուցիչներն ու տնօրենը նաեւ դիտորդական առաքելություն էին իրականացնում:

Նրանք արձանագրել են, որ հաշվիչ հանձնաժողովը ձեւավորվել է քվեարկության օրը, ինչից հետո մոտ մեկ ժամ հանձնաժողովը քննարկել եւ ընդունել է քվեարկության անցկացման ընթացակարգը, ապա բոլորի ներկայությամբ սկսել են տպել եւ կնքել քվեաթերթիկները: Այսինքն, այս մասով թափանցիկությունն ապահովվել է: Այս առումով է, հավանաբար, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության տնօրեն Քերին Քենդրիքը հայտարարել, որ ընտրություններն անցել են թափանցիկ եւ արդար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նա ասաց նաեւ, որ Փաստաբանական պալատի ղեկավար մարմինների հայաստանյան ընտրությունները «առավելություն ունեին վերջին երեք ամիսների ընթացքում Վրաստանում եւ Ադրբեջանում անցկացված նույնանման ընտրությունների համեմատությամբ»: Նրա խոսքերով, Ադրբեջանում եւ Վրաստանում ընտրություններ անցկացնել ընդհանրապես չի հաջողվել. Ադրբեջանում փաստաբանները «լիովին անկախ չէին», իսկ Վրաստանում տարաձայնություններն այնքան շատ էին, որ ընդհանուր ժողովը ձախողվել էր:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG