Մատչելիության հղումներ

logo-print

«Մարս»-ի արտադրության վերականգնման համար կպահանջվի 21 միլիոն դոլար


Ռուսաստանի էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոն երեքշաբթի օրը ասել է, որ Երեւանի «Մարս» ձեռնարկության արտադրության վերականգման համար կպահանջվի 21 միլիոն դոլար:

Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունը փոխանցում է նաեւ նրա խոսքերը, թե ձեռնարկության շահագործման հանձնելու ժամկետների ձգձգումը պայմանավորված է մի շարք օբյեկտների անավարտ շինարարությամբ, ինչը հետաձգում է միջազգային ստանդարտներին համապատասխանեցման սերտիֆիկացման գործընթացը եւ բացասաբար է անդրադառնում ներդրումների ներգրավման վրա:

Խրիստոնկեն հայտնել է, թե Ռուսաստանին փոխանցվելուց մեկ տարի հետո «Մարս» ձեռնարկության՝ Հայաստանի պետբյուջե փոխանցված գումարը աճել է 23,4 տոկոսով, իսկ 2005 թվականին պատվերների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 5 միլիոն դոլար: Միեւնույն ժամանակ, 2005 թվականի առաջնահերթ խնդիրների լուծման համար, ըստ նախարարի, անհրաժեշտ է 10,4 միլիոն դոլարի ներդրում:

Խրիստենկոն նշել է, թե նման խնդիրներ կան նաեւ 2002 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված մյուս ձեռնարկություններում: Հիշեցնենք, որ բացի «Մարս»-ից ու Հրազդանի ՋԷԿ-ից (առանց 5-րդ բլոկի) 100 միլիոն դոլար պետական պարտքի դիմաց Ռուսաստանին էին փոխանցվել նաեւ 3 գիտահետազոտական հաստատությունների՝ մաթեմատիկական մեքենաների, նյութաբանության եւ ավտոմատ կառավարման ինստիտուտների բաժնետոմսերը:

Վերջիններիս հիման վրա 2006 թվականին նախատեսվում է ստեղծել Անդրկովկասում ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ ռադիոէլեկտրոնիկայի ռուսաստանյան գիտաարտադրական կենտրոն: Մինչեւ 2008 թվականը այդ կենտրոնի տեխնիկական բազայի համար կպահանջվի շուրջ 12 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG