Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Պատերազը կարող է վերսկսվել ցանկացած պահի»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի օրը ցավակցություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին զոհված ադրբեջանցի զինծառայողների ազգականներին: «Սարսափելի է, երբ մայրերը զավակներ են կորցնում, բայց դա պատերազմ է, ամեն բան կարող է պատահել», - ասել է նա՝ ավելացնելով. - «Պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի, առավել եւս, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա խաղաղության համաձայնագիր»:

Ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահը նաեւ ասել է, թե գոյություն ունի հրադադարի ռեժիմ, բայց դա «շատ նուրբ հարց է»:

«Հրադադարի ռեժիմը խախտվում է, եւ դուք գիտեք, որ դա չի բխում մեր շահերից», - ասել է նա:

Ալիեւը, այդուհաներձ, ասել է նաեւ, թե Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է:

«Մենք ուզում ենք, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվի, որ դա տեղի ունենա միջազգային համայնքի ազդեցության եւ խնդրի նկատմամբ Հայաստանի ղեկավարության ճիշտ մոտեցման արդյունքում: Սակայն, եթե դա տեղի չունենա, կստեղծվի նոր իրավիճակ: Ու այն ժամանակ էլ կխոսենք», - բազմանշանակորեն հավելել է Ադրբեջանի ղեկավարը:

«ՌԻԱ-Նովոստի»-ն ավելացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը նույնպես չի բացառել ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG