Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին ներկայացվելիք զեկույցում շեշտվելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովում Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Լենմարկերը գալիք ամռանը Վաշինգտոնում վեհաժողովին ներկայացվելիք զեկույցում որպես «առաջնային» առանձնացնելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Անցած շաբաթ Լենմարկերը խորհրդակցությունների էր հրավիրել ԵԱՀԿ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների երկուական ներկայացուցիչներ: Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը եւ պատվիրակության անդամ Սամվել Նիկոյանը այսօր լրագրողներին ներկայացրին իրենց տպավորությունները բրյուսելյան հանդիպումներից:

«Մեզ հաջողվեց ներկայացնել մեր տեսակետները այնպես, որ պարոն Լենմարկերը հաստատեց (եւ դա արձանագրվեց), որ ամենակարեւոր հարցը բարձրացվող հարցերից, առաջնային հարցը, լուծում պահանջող հարցը դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է», - փոխանցեց Վահան Հովհաննիսյանը: - «Իսկ այն հարցերը, որոնք ներկայացվում են ադրբեջանական պատվիրակության կողմից՝ տարածքներ, փախստականներ, եւ այլն, դրանք բոլորը ածանցյալ են»:

Այս հանգամանքը, ըստ Հովհաննիսյանի, խիստ անհանգստացրել է ադրբեջանական կողմին: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Գորան Լենմարկերի այդ տեսակետը կարձանագրվի նաեւ վերջնական զեկույցում, Հովհաննիսյանը ասաց. - «Այո»:

Այս կապակցությամբ հարկ է հիշել անցած տարեվերջին Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե առաջարկվող լուծումներից մեկը կարող է լինել ինքնորոշման իրավունքի ամրագրումը, բայց ոչ անմիջական իրագործումը:

«Այն պայմանագրով, որը պետք է այս հարցին լուծում տա, մենք կփորձենք ֆիքսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ որ՝ միջազգային հանրությունը այդ իրավունքը ճանաչի», - ասել էր Վարդան Օսկանյանը: - «Կարող է այդ ինքնորոշման իրականացումը ժամանակի առումով չլինի անմիջական»:

Ըստ այսօրվա ասուլիսի բանախոսների, Ադրբեջանի պատվիրակությունը փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի Լենմարկերի ապագա զեկույցում ընդգրկվեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Աթկինսոնի ադրբեջանանպաստ դրույթները:

«Ինչը չհաջողվեց», - ասաց Վահան Հովհաննիսյանը: - «Առնվազն այս փուլում չհաջողվեց»:

Բացի Լենմարկերի հետ քննարկումներից, հայ խորհրդարանականները նաեւ հանդիպումներ են ունեցել Եվրահանձնաժողովում, Եվրախորհրդարանում, Եվրամիության նախարարների խորհրդում: Տեղի են ունեցել նաեւ երկկողմ բանակցություններ հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականների միջեւ:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG