Մատչելիության հղումներ

Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը ստացավ բարձրագույն ուսումնական հաստատության արտոնագիր


Ինչպես երկուշաբթի օրը փոխանցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Տեղեկատվական համակարգը, շաբաթավերջին Հայաստանի գիտության եւ կրթության նախարար Սերգո Երիցյանը Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչությանը հանձնեց բարձրագույն ուսումնական հաստատության արտոնագիր։

Գեւորգյան հոգեւոր ճեմարանը բարձրագույն ուսումնական հաստատություն էր ճանաչվել 2002 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ:

«Իսկապես այս օրն արդեն 130-ամյա Ճեմարանի համար պետք է համարել պատմական մի պահ։ Այս արտոնագրով սկիզբ է դրվում մի գործընթացի, որի արդյունքում ճեմարանը, իբրեւ բարձրագույն կրթօջախ, կճանաչվի ողջ Եվրոպայում», - բարձր գնահատելով Հայաստանում գործող հնագույն կրթօջախի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում՝ ասել է նախարարը՝ տեղեկացնելով նաեւ, որ գալիք մայիսի 18-ին Նորվեգիայում ստորագրվելիք Բոլոնիայի համաձայնագրով Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այդ թվում նաեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ավարտական վկայականները կճանաչվեն եվրոպական շուրջ 50 երկրների կողմից:

Հանդիսության ավարտին ներկաներին իր օրհնության խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը գոհունակությամբ անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ կրթության եւ գիտության նախարարության սերտ համագործակցությանը, ինչի արդյունքում, մասնավորապես, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ներկայումս դասավանդվում է հանրակրթական դպրոցներում:

Գեւորգյան հոգեւոր ճեմարանում ներկայումս ուսանում է 154 սան: 2000-2004 թվականներին ճեմարանի շրջանավարտների թիվը կազմում է 108 հոգի, որոնք այսօր իրենց ծառայությունն են բերում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տարբեր թեմերում եւ կառույցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG