Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 19-ը մարտի)

«Հայ-ադրբեջանական սահմանին այս օրերին տեղի ունեցած միջադեպերի նման իրադարձություններ արձանագրվել են նաեւ նախորդ տարիներին: Սակայն վերջին սադրանքները թե՛ իրենց ծավալներով եւ թե՛ միջազգային արձագանքներով այնուամենայնիվ տարբերվում են: Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանը փորձում է հասկացնել միջազգային հանրությանը, որ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացն այսուհետեւ իրեն ձեռնտու սցենարով չընթանալու դեպքում, պատրաստ է դիմել խնդրի ռազմական լուծման», - առանձնացնում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը: Մատնանշելով նաեւ, որ Բաքուն, Իլհամ Ալիեւը նույնիսկ արդեն փոխզիջումների եւ անգամ ԼՂՀ-ին ինքնավարություն տրամադրելու մասին չեն խոսում, մեկնաբանը ամփոփում է. - «Ադրբեջանը սկսում է աստիճանաբար ընտրել ռազմաքաղաքական շանտաժի միջոցով ոչ թե խնդրի կարգավորումն արագացնելու, այլ ընդհակառակը, այն շարունակաբար հետաձգելու եւ միաժամանակ բանակցությունների բովանդակությունը փոխելու մարտավարություն»:

Անդրադառնալով երեկ ընդդիմության նախաձեռնած համաժողովին՝ ի պաշտպանություն Ղարաբաղի, «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը խտացնում է. - «Բոլոր ելույթներից, դահլիճից հնչող ռեպլիկներից ակնհայտ էր, որ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի հարցում վարում են զիջողական, ինչ-որ տեղ պարտվողական քաղաքականություն, մինչդեռ Հայաստանի ընդդիմությունը լի է վճռականությամբ՝ թույլ չտալու իշխանություններին գնալու նման զիջումների, պատրաստ է նույնիսկ պատերազմի»: Այդ համոզումն ավելի է խորանում երեկվա համաժողովի բանաձեւի տեքստը ընթերցելուց հետո, ուր առաջարկվում է ընդհուպ մինչեւ բարձրացնել առ այսօր Ադրբեջանի կազմում Նախիջեւանի անօրեն գտնվելու հարցը: «Այս ֆոնի վրա միջազգային հանրության առաջ Հայաստանի իշխանությունները կկարողանան ներկայանալ որպես չափավոր ուժ, որին անհրաժեշտ է պաշտպանել ծայրահեղական ընդդիմությունից», - ակնարկվում է «Հայկական ժամանակ»-ում: Երեկ այդ համաժողովին մասնակցած Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը շեշտադրել էր. - «Ելույթների մեջ նշվում էր, թե Արցախը փրկելու համար պետք է ձերբազատվել այս իշխանություններից. կարծում եմ, որ հակառակն է ճիշտ` Արցախը փրկելու համար պետք է համախմբվել իշխանությունների շուրջ»: «Հայկական ժամանակ»-ը որոշակի հեգնանքով արձանագրում է, որ երեկ Կինոյի տան դահլիճում արդեն իսկ նկատվում էին նման համախմբման առաջին ծիլերը. համաժողովի դահլիճում ուս-ուսի նստած էին իշխանամետներ ու ընդդիմադիրներ. - «Մնում է, որ այդ ուժերը ի վերջո դեն նետեն ամոթխածությունը եւ շուրջպար բռնեն Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Այս գործի կազմակերպումը կարող է իր վրա վերցնել «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը»:

«Եթե մի գրքում ներկայացվեն այն գործիչները, ովքեր 1998 եւ 2003 թվականներին կոչ էին արել ընտրել ներկայիս իշխանություններին, իսկ այսօր լրիվ հակառակ դիրքորոշումն են բռնել, համեմատվի՝ ինչ է ասել այս կամ այն քաղաքական գործիչը նախորդ նախագահի ժամանակ եւ ինչ է ասում Քոչարյանի օրոք, այդ գիրքը շատ հետաքրքրաշարժ կլինի, բայց՝ միայն այդքանը», - գնահատում է «Առավոտ» թերթը: - «Ժամանակին մեր շատ լրատվամիջոցներ, մասնավորապես՝ «Առավոտ»-ը, փորձեցին հիշեցնել իրենց հայացքները քաղաքական զարգացմանը զուգընթաց արմատապես փոխած գործիչների նախկին արարքներն ու արտահայտությունները: Ցավոք, դա դատարկ նախաձեռնություն դուրս եկավ: Որովհետեւ պատեհապաշտ է եւ դավաճան քաղաքական գործիչների հիմնական մասը»: «Մեր հասարակության մեջ ավելի շուտ զարմանք է առաջացնում այն քաղաքական գործիչը, որը ոչ մի անգամ չի դավաճանել իր սկզբունքներին եւ զինակիցներին: Հետեւաբար, այն փաստը, որ քաղաքական գործիչները հանկարծ անհավանական արագությամբ փոխում են իրենց հայացքները, չեն կատարում իրենց նախընտրական խոստումները, բացարձակ ոչ մի ազդեցություն չի գործում ընտրողների ընտրության վրա: Ով ով է՝ Հայաստանում գիտեն բոլորը: Ցավոք, դա բոլորովին չի խանգարում, որ այդ մարդիկ, ում ով եւ ինչ լինելը հայտնի է, զբաղեցնեն բարձր պաշտոններ եւ տիրանան պատգամավորական մանդատների», - ամրագրված է «Առավոտ»-ում:

Նայելով հայաստանյան ընդդիմության պահվածքին, «Գոլոս Արմենիի» թերթի մկենաբանը բնորոշում է. - «Բոլորը կարծես շունչները պահած փողի են սպասում: Միակ բանը, որ այսօր անհանգստացնում է ընդդիմության ղեկավարներին, վախն է, որ Արեւմուտքի դոլարները կհասնեն մրցակցին... Իսկ իրատեսները», - ինչպես արժանին է մատուցված «Գոլոս Արմենիի»-ում, - «այս ընթացքում պատրաստվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որովհետեւ դրանցից է մեծապես կախված՝ ով կհայտնվի հաջորդ խորհրդարանում եւ նախագահի աթոռին»:

«Մեր խորհրդարանը հասցրել է ապացուցել, որ օրինաստեղծ աշխատանքը այս գումարման ԱԺ-ում տաժանակրության հավասար գործ է», - ձեւակերպում է «Առավոտ»-ի մեկնաբանը: - «Պատգամավորները շատ ավելի պրոֆեսիոնալ են դրսեւորվում թաղային կռիվներում, «գծային» ռազբորկաներում եւ շուրջպարային նախագծերում։ Սակայն արդարացի չէ մեր պատգամավորներին մեղադրել, թե միայն ստամոքսների մասին են մտածում: Երեկվանից խորհրդարանական խումբ-խմբակցություններին բաժանվել է Արթուր Բաղդասարյանի խորհրդականի նամակը, որով նա խնդրում է լավ ֆուտբոլ խաղացողներին ցուցակագրվել», - խանդավառող մի նոր լուր է տարածում «Առավոտ»-ը Ազգային ժողովից:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG