Մատչելիության հղումներ

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդում Ադրբեջանի առաջարկը չի ընդունվել


Ուրբաթ օրը Մինսկում կայացած ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստում մերժվել է «Անջատողականության դեմ պայքարի» մասին հատուկ բանաձեւ ընդունելու՝ ադրբեջանական կողմի առաջարկը:

Բանաձեւի ընդունմանը կողմ են եղել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի պատվիրակությունները:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության մեջ նշվում է, թե Ադրբեջանը առաջարկում էր ավելացում կատարել օրակարգում ընդգրկված «Ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության հայեցակարգի մասին» փաստաթղթում:

Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, սակայն, առաջարկել է փաստաթուղթն ընդունել փորձագետների կողմից նախկինում համաձայնեցված տարբերակով՝ փաստարկելով, որ «անջատողականությունը» միջազգայնորեն ճանաչված հասկացություն չէ:

ԱՊՀ այլ պետությունների կողմից ադրբեջանական առաջարկը չի ընդունվել, եւ Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի պատվիրակությունների կողմից ձեւակերպվել որպես վերապահում:

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում Ռուսաստանի պատվիրակությունը պաշտոնապես ներկայացրել է «Հումանիտար ոլորտում ԱՊՀ պետությունների համագործակցության մասին հռչակագրի» նախագիծ, որը պետություններում քննարկվելուց հետո կներկայացվի մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի քննարկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG