Մատչելիության հղումներ

Հայաստանում Ռուսաստանի տարվան նվիրված միջոցառումների բացմանը սպասվում է Պուտինի այցը Երեւան


Երկուշաբթի օրը Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը ուղերձներ են փոխանակել Հայաստանում Ռուսաստանի տարվա կապակցությամբ:

«Հայաստանում 2005 թվականը Ռուսաստանի տարի հայտարարելու որոշումը մեծ հնարավորություններ է բացում հայ-ռուսական կապերի հետագա ընդլայնման համար», - Հայաստանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, ասված է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում: - «Խորհրդանշական է, որ Հայաստանում Ռուսաստանի տարվա անցկացումը համընկնում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 60-ամյակին: Մեր ընդհանուր պատմության այդ հերոսական էջը միահյուսել է մեր ժողովուրդների ճակատագրերը եւ ավելի է մերձեցրել նրանց»:

Վլադիմիր Պուտինը իր ուղերձում նշել է. - «Ռուսաստանը միշտ կարեւորագույն նշանակություն է տալիս բարեկամական կապերի հետեւողական ամրապնդմանը Հայաստանի՝ վստահելի դաշնակցի եւ ռազմավարական գործընկերոջ հետ»:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, մարտի 25-ին Երեւանում տեղի կունենա տոնական համերգ, որով եւ կմեկնարկի Հայաստանում Ռուսաստանի տարին:

Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի խոսքերով, ակնկալվում է, որ Ռուսաստանի նախագահը ներկա կլինի այդ համերգին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG