Մատչելիության հղումներ

OTE-ին չի պատրաստվում վաճառել «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերը


Հայաստանի կառավարության եւ «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչները ուրբաթ օրը հերքեցին լրատվամիջոցներում հայտնված լուրերը, թե հունական OTE ընկերությունը կրկին պատրաստվում է վաճառել «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերը:

Հունական «Ռիփորթեր» պարբերականն էր օրերս հայտնել, թե ՕTE ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վուռլամիս Պանագիոտիսի Հայաստան այցը նպատակ ունի պաշտոնյաների հետ քննարկել «ԱրմենՏել»-ում ՕTE-ի ունեցած 90 տոկոս բաժնեմասի վաճառքի մանրամասները։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դա հերքեցին ինչպես «ԱրմենՏել»-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Չութիլյանը, այնպես էլ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Արա Սաղաթելյանը: Վերջինս ասաց, թե նախարար Դավիթ Հարությունյանի հետ ՕTE-ի ղեկավարի հանդիպումը «զուտ քաղաքավարական բնույթ է կրել, ու այդ ընթացքում բաժնեմասի օտարման հարց չի քննարկվել»։

Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անհավանական համարեց ՕTE-ի բաժնեմասի վաճառքը:

Մինչդեռ, ընդամենը երեք ամիս առաջ ՕTE-ի նոր ղեկավարները հաստատում էին «ԱրմենՏել»-ում իրենց ունեցած բաժնեմասը վաճառելու ցանկությունը։ Իբրեւ պատճառ վկայակոչվում էր «ԱրմենՏել»-ի ցածր եկամտաբերությունը ու ներդրումների դանդաղ ետդարձը։

Դատելով, սակայն, 2004 թվականի ֆինանսական տարվա արդյունքներից, OTE-ի մտադրությունների փոփոխության համար հիմքեր կան: Անցյալ տարի «ԱրմենՏել»-ի եկամուտները աննախադեպ աճ են ունեցել. զուտ շահույթը աճել է մոտ 70 տոկոսով՝ հասնելով 20 միլիոն եվրոյի: Ընդ որում, եկամտի աճի առյուծի բաժինը ստացվել է բջջային կապի ծառայություններից։ Այդ բնագավառի եկամուտները, փաստորեն, կրկնապատկվել են։ Րոպեավճարի տիրույթների ընդլայնումը եւս մեծացրել ու առաջիկայում էլ կմեծացնի թելային հեռախոսակապի եկամուտները։

Ուստի պատահական չէ հակամարտությունը, որ անցյալ տարվա նոյեմբերից սկիզբ է առել Հայաստանի բջջային կապի նոր օպերատորի՝ «Ղ-Թելեկոմ»-ի եւ «ԱրմենՏել»-ի միջեւ։ Առաջինում վստահ են, որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում եւ ձգձգում է նորեկի մուտքը շարժական կապի շուկա:

«ԱրմենՏել»-ում, սակայն, ժխտում են դա: «Բանակցություններ են ընթանում այդ փոխկապակցման շուրջ, ինչը կոմերցիոն հարց է», - պարզաբանեց Հասմիկ Չութիլյանը: - «Հարցը բարդ է՝ պետք է որոշեն եւ երկկողմանի պետք է լինի ընդունելի [որոշումը]»:

Սա նշանակում է, որ կողմերի բանակցությունների միջոցով, ի վերջո, պետք է որոշվի, թե «ԱրմենՏել»-ի ցանցը օգտագործելու համար «Ղ - Թելեկոմ»-ը որքան պետք է վճարի։ Եթե կողմերը համաձայնության չգան, ապա խնդիրը պետք է լուծի կարգավորող մարմինը, տվյալ դեպքում՝ տրանսպորտի եւ կապի նախարարությունը։

«Ժամկետը դեռ չի լրացել», - այս կապակցությամբ ասաց Անդրանիկ Մանուկյանը: - «Որ օրը լրացավ, հաջորդ օրը ես նրանց հրավիրում եմ ինձ մոտ: Այստեղ քննարկում են, եւ նրանք պարտավոր են համաձայնության գալ»:

Նախարարի նշած ժամկետը լրանում է մայիսին:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG