Մատչելիության հղումներ

Սկսվեց դատավարությունը Արմեն Ավետիսյանի նկատմամբ


Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հինգշաբթի օրը սկսվեց «Հայ արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանի դատավարությունը: Նա մեղադրվում է «հրապարակայնորեն եւ լրատվության միջոցներն օգտագործելով հրեա եւ քուրդ ազգերի նկատմամբ ազգային թշնամանք հարուցելու մեջ»:

Պետական մեղադրողը դատարանում հրապարակեց մեղադրական եզրակացությունը, ապա թվարկեց մամուլի այն հրապարակումներն ու հեռուստաելույթները, որոնցում Արմեն Ավետիսյանը գրել կամ հնչեցրել է վերը նշված ազգերին արատավորող ու վարկաբեկող մտքեր, «ջհուդներ», «զավթողներ», «բնատուր խարդախներ», «ջհուդամասոններ» արտահայտություններ:

«Ես որեւէ թշնամանք որեւէ ազգի նկատմամբ չեմ սերմանել, չեմ էլ պատրաստվում սերմանել», - արձագանքեց Ավետիսյանը: - «Երբ քննադատվում է մի ռասիստական գաղափարախոսություն, որը հատկապես հայատյացությամբ է տառապում Հայաստանում, ես չեմ գտնում, որ դա մեղադրանք կարող է հանդիսանալ»:

Դատարան չէին եկել ո’չ հրեա համայնքի, ո’չ էլ քրդերի ներկայացուցիչները: Դահլիճը լեփ-լեցուն էր հիմնականում Արմեն Ավետիսյանի կողմնակիցներով ու լրագրողներով:

«Հայկական ժամանակ» թերթի լրագրող Ավետիս Բաբաջանյանը, ով հարցաքննվեց որպես վկա, ասաց, թե իրենց շփումներում ու հարցազրույցներում Արմեն Ավետիսյանը հակահրեական քարոզչություն չի տարածել ու չի խոսել բոլոր հրեաների դեմ ընդհանրապես, այլ խոսել է «Հայաստանի հրեական համայնքի որոշ ներկայացուցիչների կողմից հնարավոր բացասական դրսեւորումների» մասին:

Ավետիս Բաբաջանյանը, ով երկու ամիս առաջ նախաքննությանը միանգամայն հակառակ ցուցմունք էր տվել, հայտնեց դատարանին, թե փոխել է իր հայացքներն ու դիրքորոշումը եւ հասկացել է, որ Արմեն Ավետիսյանը հրեա ազգի նկատմամբ թշնամանք չի տարածել:

Հաջորդ վկան «Իրավունք» թերթի լրագրող Փիրուզա Մելիքսեթյանն էր, որը նույնպես հարցազրույցներ էր անցկացրել ամբաստանյալի հետ: Մելիքսեթյանի վկայությամբ, Ավետիսյանը, մասնավորապես, միտք էր հայտնել, թե «վտանգված է այն երկրի ապագան, ուր կա հրեական համայնք»: Մելիքսեթյանի հետ զրույցում ամբաստանյալը ասել էր նաեւ, թե 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն «իրականում կատարվել է հրեաների ձեռքով»:

Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները դատարան չէին եկել: Համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե դատը «ցուցադրական կլինի, բայց ոչ ժամանակավրեպ»:

«Կարծում եմ որ այս դատը Արմեն Ավետիսյանի համար շատ վատ չի վերջանա, բայց միեւնույն ժամանակ այն դաս կլինի շատերի համար», - շարունակեց նա: - «Իսկ դատի մենք այսօր չգնացինք, քանի որ չենք ուզում մեկ անգամ եւս վիրավորված ու ստորացած զգալ մեզ: Բացի այդ, կարծում ենք, որ այնտեղ երաշխավորված չէր լինի մեր ո’չ ֆիզիկական, ո’չ էլ բարոյական անվտանգությունը»:

Ռիմա Վարժապետյանը հակված է կարծել, որ Արմեն Ավետիսյանի վիրավորական արտահայտությունները վերաբերել են հրեա ժողովրդին ընդհանրապես, այլ ոչ թե դրա մի հատվածի: Հարցին, թե ինչ է ակնկալում դատից, Վարժապետյանը պատասխանեց. - «Ամեն դեպքում, նա արժանի է պատժի, բայց թե ինչպիսի՝ թող որոշի դատարանը»:

Դատավարությունը կշարունակվի վաղը:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG