Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպման ժամկետներ հայտնի չեն


Արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ միջազգային միջնորդների հանդիպման ընթացքում, ինչպես հինգշաբթի օրը ասել է արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան, որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ:

Վարդան Օսկանյանը եւ նրա ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովը բանակցությունները պետք է շարունակեին Պրահայում մարտի 2-ին, սակայն այդ հանդիպումը անորոշ ժամանակով հետաձգվեց՝ Հայաստանի արտգործնախարարի հիվանդության պատճառով:

Մարտի 4-ին Օսկանյանը ասել էր, թե հաջորդ հանդիպման նոր ժամկետը կճշտվի «մոտ օրերս»: Երեքշաբթի օրը նա Վիեննայում էր, ուր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահների հետ քննարկում էր խաղաղ բանակցությունների ընթացքը:

«Պրահայի բանակցությունների նոր ժամկետները առայժմ հայտնի չեն», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը՝ խորհուրդ տալով բանակցությունների շարունակման ժամկետների հարցով դիմել Մինսկի խմբին. - «Նրանք են կազմակերպում բանակցությունները»:

Չկայացած հանդիպումը պիտի շարունակեր անցած ամռանից ի վեր Չեխիայի մայրաքաղաքում կայացած Օսկանյան- Մամեդյարով հանդիպումների շարքը: Հունվարին Օսկանյանը եւ Մամեդյարովը հայտարարել էին, թե «Պրահայի գործընթացը», որը հակամարտության կարգավորման հույսեր է ներշնչում, մտել է երկրորդ փուլ:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG